Քրիս Բոջալյան. Պարոն նախագահ, Հռոմի պապի պես խիզախ եղեք, Հայոց ցեղասպանությունը ցեղասպանություն կոչեք
WashingtonPost-ում հրապարակած իր հոդվածում գրող Քրիս Բոջալյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կհետեւի Քիմ Քարդաշյանի եւ Հռոմի պապի օրինակին եւ կկատարի 2008թ. նախընտրական արշավի ժամանակ տրված իր խոստումը:
«Քանի որ վերջին յոթ տարիների ընթացքում նա realpolitik-ը գերադասում է արդարությունից՝ խուսափելով «ցեղասպանություն» բառի կիրառումից, որպեսզի այդպիսով ապահովի Ամերիկայի ռազմական դաշնակից Թուրքիայի հանգստությունը. մի երկրի, որը դրա դիմաց շատ քիչ բան է առաջարկում»,- գրում է Բոջալյանը:
Ամերիկահայ գրողը նշում է, որ թուրքական իշխանությունները կարողացել են խուսափել Ցեղասպանության պատասխանատվությունից, քանի որ Արեւմտյան երկրները մշտապես այն դիտարկել են որպես նախ՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանում սովետական ազդեցության ընդլայնման վերջին սահմանակետ, իսկ այնուհետեւ որպես դաշնակից Մերձավոր Արեւելքում:
«Իհարկե, Միացյալ Նահանգները նպաստել են դրան: Վաշինգտոնն այնքան է վախենում Անկարայից, որ մեզ երբեւէ չի հաջողվել ընդունել Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: 2008թ. նախընտրական արշավի ժամանակ նախագահական թեկնածու Բարաք Օբաման նշել է, որ «Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդի, ով անկեղծորեն կասի Հայոց ցեղասպանության մասին եւ հստակորեն կարձագանքի բոլոր ցեղասպանություններին: Ես մտադիր եմ լինել այդպիսի նախագահ»: Որպես ԱՄՆ սենատոր՝ նա աջակցել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման գործընթացին: Սակայն որպես նախագահ՝ վերջին վեց տարիների ընթացքում յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին նա գտնում է «G» բառի որեւէ էվֆեմիզմ (մեղմասացություն) Թուրքիայի չզայրացնելու համար»:
Բոջալյանը նաեւ հավելում է, որ ԱՄՆ այս զգուշավոր քաղաքականությունը, այնուամենայնիվ, չի տալիս ակնկալած արդյունքները: ՆԱՏՕ անդամ Թուրքիան չի լիազորել ԻԼԻՊ-ի դեմ հարձակումների համար Ինչիլիկ կայանից ամերիկյան ռազմական թռիչքների իրականացումը, ԻԼԻՊ-ի սեւ շուկայի նավթը անցնում է Թուրքիայի տարածքով, այդտեղ են գտնվում Ալ-Ղաիդային տրամադրվող զենքի վերաբեռնման կետերը:
«Այսօր ես հույս եմ հայտնում, որ նախագահը իր ժառանգությունը կամրապնդի որպես հստակ բարոյական կողմնորոշում ունեցող պետական գործիչ, կասի այն, ինչ նախկինում անասելի էր, կցուցադրի նույն քաջությունը, ինչ Հռոմի պապը, եւ այս ողբերգությունը կկոչի իր անունով՝ ցեղասպանություն», -ամփոփել է Բոջալյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը