Բելգիայի ԱԳ նախարար. Մեր երկրների միջև նոր համաձայնագրեր են անհրաժեշտ կնքել
Հայաստանն ու Բելգիան պետք է զարգացնեն համագործակցությունը ադամանդագործության, բժշկության, շինարարության ոլորտներում, աշխատեն փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ուղղությամբ՝ հույս կապելով նաև սփյուռքի ներուժի հետ: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:
Նրա խոսքով, երկու երկրների միջև նոր համաձայնագրեր է անհրաժեշտ կնքել. «Ինչ որ կա մինչև օրս, դեռ սահմանափակ է այն ամենի նկատմամբ, ինչ հնարավոր է ներդնել»:
Դիդիե Ռեյնդերսը ցանկանում է, որ Ռիգայում առաջիկայում կայանալիք գագաթաժողովի ժամանակ յուրաքանչյուր մասնակից երկիր իր ներուժի և արդեն ունեցած հաջողությունների հիման վրա կարողանա ավելի առաջ գնալ:
«Պետք է տարբեր գործընկերների հետ աշխատել: Այն փաստը, որ Եվրամիության հետ պայմանագիր ենք կնքել, չի նշանակում, որ այլ հարևանների հետ չենք կարող ունենալ համաձայնագրեր, օրինակ Ռուսաստանի կամ ասիական երկրների: Պետք է միասին նախաձեռնենք տարբեր միջոցառումներ, որպեսզի երկկողմանի համագործակցությունը կարողանանք առաջ տանել»,- ասաց Բելգիայի արտաքին գործերի նախարարը:
Նա նաև նշեց, որ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի դատական ոլորտը լինի առավել անկախ, խտրականության դեմ ցանկացած դրսևորում պետք է վերացնել. «Մենք աջակցում ենք այս ուղղություններով»:
Դիդիե Ռեյնդերսի խոսքով, Բելգիան առիթ ունեցել է իր ձայնը բարձրացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դիմել է Թուրքիայի իշխանություններին, որպեսզի այս խնդրի վերաբերյալ նախաձեռնությամբ հանդես գան:
«Եթե Բելգիան Եվրոպայի խորհրդի շրջանակներում օգնում է լավ հարաբերություներ զարգացնել Թուրքիայի, այլ հարևանների, օրինակ Ադրբեջանի հետ, կարծում եմ՝ պետք է անել ամեն ինչ դրական արդյունքի հասնելու համար»,-ասաց Բելգիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար և Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան