Ռինկևիչս. Խոչընդոտ չեմ տեսնում ՀՀ-ին ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի հնարավորություն տրամադրելու հարցում
«Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում բոլոր չափանիշների բավարարման դեպքում Հայաստանին ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմի հնարավորություն տրամադրելու հարցում»,- հայտարարել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչս ռուսական «Комерсант» թերթի հետ զրույցում:
«Մենք գործընկեր բոլոր երկրներին ընձեռում ենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն: Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք հստակ առաջընթաց ունենք: Բելառուսի հետ մենք խոսում ենք վիզային ռեժիմի դյուրացման, այլ ոչ թե ազատականացման մասին: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկություն հայտնեն և բոլոր չափանիշներին բավարարեն, ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում նրանց նման հնարավորություն ընձեռնելու հարցում: Մոլդովայի հետ մենք արդեն առանց վիզային ռեժիմ ունենք»,- նշել է Ռինկևիչսը:
Վերջինս նաև անդրադարձել է Հայաստանի հետ շրջանակային համաձայնագիր նախապատրաստելու վերաբերյալ արված հայտարարություններին` նշելով, որ ԵՄ-ը պատրաստ է Հայաստանի հետ նոր բանակցություններ սկսել, որն արդեն հիմնված կլինի այն մշակումների վրա, որոնք ԵՄ-ը և Հայաստանը 2013 թվականին արել են Ասոցացման համաձայնագրի շուրջ:
«Մենք կփնտրենք տարբերակներ, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունները չհակասեն ԵՄ-ի հետ մի շարք ոլորտներում հարաբերությունների զարգացմանը»,- նշել է Լատվիայի արտգործնախարարը: