Արթուր Բաղդասարյանի երկար տարիների երազանքն իրականություն դարձավ
«60-ից ավելի կազմակերպություն՝ 10 կուսակցություն, 50-ից ավելի հասարակական կազմակերպություն, համախմբել ենք հայկական վերածննդի գաղափարի շուրջ: Մեր նպատակն է ձևավորել մի հզոր շարժում, որը պետք է պայքարի մեր երկրում իսկապես հայկական վերածնունդ ապահովելու համար»,- «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ժողովի սկզբում լրագրողների հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը, ում նախաձեռնությամբ էլ ստեղծում է այս միավորումը:
Նա նշեց, որ այսօր ժողովրդին անհրաժեշտ է համախմբում. «Ցավոք, շատ-շատերը հուսահատված են երկրի ներկայի ու ապագայի հետ կապված, հուսահատության դեմ պայքարելու համար պետք է համախմբել ազգի առողջ ուժը՝ երկրում վերածնունդ ապահովելու համար»:
Ա. Բաղդասարյանը նշեց, որ «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական շարժումն ուղղված չէ որևէ կուսակցության, անհատի դեմ, խնդիր չեն հետապնդում սեփականաշնորհել ընդդիմադիր դաշտը:
«Համագործակցությունը բաց է յուրաքանչյուրի համար: Մեր ժողովուրդն իսկապես մի նոր սկզբի կարիք ունի»,- ասաց ՕԵԿ նախագահը:
Ինչ վերաբերում է շարժման անվանմանը, Ա. Բաղդասարյանն ասաց. «Իմ երկար տարիների երազանքն է եղել, ուրախ եմ, որ վաթսունից ավել կազմակերպություն ողջունեցին»:
Այժմ ընթանում է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման անդրանիկ ժողովը: Շարժման մեջ ընդգրկված ուժերը` «Միավորված հայեր», «Հայաստանի ագրարային», «Մեր տունը Հայաստանն է», «Հայոց հայրենքի», «Լիբերալ ժողովրդավարական», «Հայկանդուխտ ավանդապաշտ ժողովրդավարական» կուսակցությունները, «Միասնական Հայաստան», «Ապագայի կրթություն», «Աուդիտորների պալատ», ««Կարին» արվեստի կենտրոն», «Հայ-ամերիկյան բարեկամության կենտրոն» և այլ հասարակական կազմակերպություններ և կուսակացություններ, կարևորում են միասնական հասարակական-քաղաքական պլատֆորմի և օրակարգի ստեղծումը, ինչպես նաև համագործակցության հաստատումը հանրության լայն շերտերի՝ ներառյալ արտախորհրդարանական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ինստիտուտների ներկայացուցիչների, մտավորականների և անհատ քաղաքացիների միջև: Միավորումը նպատակ է հետապնդում հավաքական պատասխանատվությամբ վճռական քայլեր ձեռնարկել Հայաստանի վերածննդի, երկրի կայունության և անվտանգության ապահովման համար, վճռական ու համարձակ բարեփոխումների միջոցով ապահովել զարգացում և առաջընթաց հասարակության բարեկեցության բարձրացման համար:
«Մենք այսօր ձեռնամուխ եղանք մի նոր մեկնարկի, ծննդի: Վստահ եմ, որ ստեղծված «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը կարևոր ու վճռորոշ դեր կունենա մեր երկրում հայկական վերածնունդն ապահովելու համար: ՕԵԿ-ը լինելով խորհրդարանական քաղաքական ուժ, մասնակցելով հասարակական- քաղաքական բոլոր գործընթացներին, եկել է այն եզրահանգման, որ այսօր մեզ անհրաժեշտ է մեծ համախմբում»,- միավորման մեջ ընդգրկվող կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից միավորմանը միանալու համաձայնագիրը ստորագրելուց հետո ասաց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ նրա, որևէ կուսակցություն, անհատ ի զորու չէ լուծել Հայաստանի առջև ծառացած բազմաբնույթ ու բազմաթիվ խնդիրները, խնդրիների լուծման միակ ճանապարհը համախմբումն է. «Երկար խոհերի, մոտորումների, վերլուծությունների արդյունքում ծնվեց այս շարժումը, որը երկիրը տանելու է դրական, լուսավոր զարգացման ճանապարհով: Նախաձեռնեցինք ու հանդիպումներ ունեցանք տարբեր կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, կոչով դիմեցինք նրանց՝ ձերբազատվել ամբիցիաներից, համախմբվել հայկական վերածնունդ գաղափարի շուրջ»:
ՕԵԿ ղեկավարն ասաց, որ առաջիկայում իրենց միավորմանը կմիանան այլ կուսակցություններ, ՀԿ-ներ, ովքեր մտահոգված են երկրի ապագայով: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում հանդիպումներ են սկսելու տարբեր մարզերում՝ ներկայացնելու «Հայկական վերածնունդ» միավորման տեսլականը, գաղափարները:
«Պետք է համախմբվենք հանուն մեր երկրի առաջընթացի, զարգացման, հանուն վաղվա մեր օրվա: Վստահ եմ, որ համախմբումը մեծ արդյունքներ ու պտուղներ է բերելու»,-ասաց ՕԵԿ առաջնորդ Ա. Բաղդասարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը