Կառավարությունը աղբյուրներ է որոնում սակագինը բարձրացնելու որոշումը կասեցնելու համար. ՀՀԿ-ական պատգամավոր
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում այն բոլոր չարաշահումները, որոնք կարող է պարզել հնարավոր աուդիտը, բարձրացված սակագնի մեջ ներառված չեն, հետևաբար աուդիտի եզրակացությունը չի կարող ազդել գնի վրա: Այդ մասին Panorama.am-ին կարծիք հայտնեց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը:
Պատգամավորի խոսքով, բարձրացված սակագնի մեջ դեր ունեն երեք պատճառներ, որոնք ավելի վաղ մատնանշել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը` սակավաջրություն, ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգառ և դոլար-դրամ հարաբերակցություն:
«Եթե կան չարաշահումներ, ապա աուդիտը կարող է պարզել` ինչպիսի վատ կառավարման արդյունքում սեփականատերը ինչպիսի կորուստներ է կրել: Պետք է տարանջատել` սակագինը վատ կառավարման արդյունքում ձևավորված իրողությունների հետ որևէ կապ չունի», նկատեց Մինասյանը: Նա հնարավոր համարեց, որ վատ կառավարում, այնուամենայնիվ, ընկերությունում եղած լինի, և աուդիտը կարող է բերել ընդամենը ընկերության ղեկավարության փոփոխության:
Հարցին, թե այդ դեպքում էլեկտրաէներգիայի սսակագնի բարձրացման դեմ հասարակական ընդվզումն ինչպե՞ս պետք է մեղմվի, իշխանական պատգամավորը պատասխանեց, որ եթե գտնվի մի ուրիշ աղբյուր, որտեղից հնարավոր լինի այդ գումարը վերցնել, ապա հնարավոր կլինի նաև սակագինը չբարձրացնել:
Մյուս հարցին, թե կառավարությունը հնարավո՞ր է այդ աղբյուրների որոնումների մեջ է, Մինասյանը պատասխանեց. «Ես կարծում եմ` այո: Դա հենց այն է, ինչ հնարավոր է իրականացնել: Եթե գտնվի այդպիսի հնարավորություն, ապա սակագինը հնարավոր կլինի չբարձրացնել կամ բարձրացնել քիչ չափով»:
Հետաքրքրվեցինք, թե ինչ աղբյուր կարող է դա լինել, պատգամավորն ասաց, որ դրանք կարող են լինել կամ ներքին ռեսուրսներ, կամ արտաքին փոխառնվող ռեսուրսներ:
Թեմային առնչվող հրապարակումներ`
Տրամաբանությունը հուշում է` սակագինը չպետք է բարձրանա մինչև աուդիտորական եզրակացությունը. Մանասերյան
Աուդիտ չի նշանակում սակագնի բարձրացման մասին որոշման կասեցում. Պատգամավոր
Ալեքսանդր Արզումանյան. ՀԷՑ-ի աուդիտը ինքնաբերաբար նշանակում է, որ որոշումը կասեցվում է