Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի մարզում
Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր եղել է Բերդ քաղաքում, որտեղ ներկա է գտնվել քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը: Առողջապահական այս հաստատության կառուցման և արդիականացման աշխատանքներին Հանրապետության նախագահը ծանոթացել էր անցյալ տարվա ապրիլի 5-ին Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր կատարած այցի ժամանակ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Սերժ Սարգսյանը առողջապահության ոլորտի պատասխանատուների, Համաշխարհային բանկի և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել նորաբաց առողջապահական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, բժշկական ծառայության որակյալ մատուցման նպատակով ստեղծված պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ:
«Բերդի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն ստեղծվել է ՀՀ մարզերի առողջապահական համակարգի օպտիմալացման մասին ՀՀ կառավարության 12.11.2006թ. թիվ 1911-Ն որոշմամբ, որի համաձայն միավորվել են «Բերդի պոլիկլի-նիկա» և «Բերդի հիվանդանոց» ՓԲԸ-ները: Նախատեսված էր կենտրոնի արտահիվանդանոցային ծառայությունը և վարչական հատվածը տեղակայել ինֆեկցիոն մասնաշենքում, իսկ բոլոր հիվանդանոցային ծառայությունները՝ պոլիկլինիկական մասնաշենքում: Իրականացված աշխատանքների արդյունքում, բժշկական կենտրոնը վերակազմակերպվել է որպես հիմնականում ինտենսիվ և անհետաձգելի բժշկական ծառայություններ մատուցող հաստատություն:
Շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են, որ ՀԲ կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի շրջանակներում իրականացվել են Բերդի բժշկական կենտրոնի երկհարկանի պոլիկլինիկական և մեկհարկանի ինֆեկցիոն մասնաշենքերի (շուրջ 1700քմ) վերակառուցման, ինչպես նաև կցակառույցի (շուրջ 900քմ) կառուցման շինարարական աշխատանքները: Արդիականացման շրջանակներում ամբողջովին փոխարինվել է երկու մասնաշենքերի տանիքների ծածկը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել է նոր բժշկական վերելակ, փոխարինվել են ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքին կից կառուցվել է նոր կաթսայատուն և հիմնանորոգվել է էլեկտրամատակարարումն ապահովող ենթակայանը: Իրականացվել են նաև կենտրոնի արտաքին տարածքի բարեկարգման աշխատանքները, ներառյալ` ասֆալտապատում, արտաքին լուսավորության տեղադրում և այլն: Բերդի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով և պարագաներով: Կենտրոնում իրականացվել է 940.2 մլն դրամի ներդրում: Արդիականացված կենտրոնը հնարավորություն կընձեռի Բերդի տարածաշրջանի բնակչությանը մատուցելու որակյալ, մատչելի և արդի բժշկական ծառայություններ տեղում` իրենց բնակավայրերին մոտ:
Բերդ քաղաքից Սերժ Սարգսյանը մեկնել է մեկ այլ սահմանամերձ համայնք՝ Վերին Կարմիր աղբյուր, որտեղ Հանրապետության նախագահի ներկայությամբ բացվել է 80 երեխայի համար նախագծված մսուր-մանկապարտեզը: Վերին Կարմիր աղբյուր համայնքի երեխաները մինչ այժմ հաճախում էին 1923թ. կառուցված փայտաշեն մանկապարտեզ: 1991թ. սկսվել է նոր մանկապարտեզի շենքի շինարարությունը, որը մնացել էր անավարտ: Անավարտ այդ շինության հիմքի վրա իրականացվել են նոր մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքները: Շինարարական աշխատանքներն սկսվել են 12.09.2013թ.՝ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, ավարտվել՝ 30.03.2015թ.: Ծրագրի շինարարության ընդհանուր արժեքը կազմել է 119.8 մլն դրամ: Մանկապարտեզին հատկացվել է նաև 5.2 մլն դրամ արժեքով գույք` երկհարկանի մահճակալներ, սեղաններ, աթոռներ, զգեստապահարաններ և այլն: Մինչև նոր մանկապարտեզի շենքի վերակառուցումը մանկապարտեզ է հաճախել 35 երեխա: Շենքի վերակառուցման արդյունքում նախադպրոցական այս հաստատություն կհաճախի 71 երեխա: Մանկապարտեզը ներկայումս ունի 9 աշխատակից` 65,000 դրամ միջին ամսական աշխատավարձով, նախատեսվում է ևս 3 աշխատակցով համալրում:
Տավուշի մարզի Չորաթան համայնքում նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Տավուշ տեքստիլ» ընկերության ֆաբրիկայի արտադրամաս՝ ծանոթացել գործարկման աշխատանքներին, ուսումնական-մեկնարկային գործընթացներին, ինչպես նաև ընկերության զարգացման հետագա ծրագրերին:
«Տավուշ տեքստիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 16.02.2015թ. Չորաթան համայնքում, ռուսաստանաբնակ գործարար Սուրեն Երիցյանի կողմից: Ընկերությունը նախատեսում է արտադրել տարբեր նշանակության` գյուղատնտեսական, շինարարական, ցրտահարության դեմ և չքայքայվող ձեռնոցներ: Արտադրության հիմնման նպատակով Չորաթան համայնքում ձեռք են բերվել երկու կիսակառույց խարխուլ վիճակում գտնվող անասնագոմեր: Ներկայումս վերակառուցված մեկ հարկանի արտադրամասի ընդհանուր մակերեսը 2000քմ է: Շինարարական աշխատանքներն սկսվել են 15.03.2015թ., ավարտվել՝ 15.07.2015թ.: Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, արտադրանքն արտահանվելու է ՌԴ և Բելառուս:
Արտադրության օրական ծավալը ներկայումս կազմում է 16,000 զույգ ձեռնոց: Չորաթանում արդեն ստեղծվել է 50 աշխատատեղ՝ 100,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Այժմ համայնքում վերակառուցվում է ևս մեկ արտադրամաս՝ 2000քմ ընդհանուր մակերեսով: Շինարարական աշխատանքներն սկսվել են 15.06.2015թ, ավարտը նախատեսվում է 30.11.2015թ.: Վերակառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, արտադրամասը կհամալրվի ևս 100 աշխատակցով: Երկու արտադրամասերն ամբողջ հզորությամբ գործարկելու դեպքում, ըստ ընկերության ղեկավարի, նախատեսվում է աշխատակիցների ընդհանուր թիվը հասցնել 250-ի՝ միջին ամսական 100,000 դրամ աշխատավարձով:
«Տավուշ տեքստիլ»-ը նախատեսում է առաջիկա 5 տարիների ընթացքում ստեղծել, ընդհանուր առմամբ շուրջ 2000 աշխատատեղ և կատարել շուրջ 40 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, որից շուրջ 5 մլն դոլարը՝ 2015-2016թթ. ընթացքում: Այս նպատակով արդեն իսկ ներդրվել է շուրջ 2.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Նախատեսվում է ընկերության մասնաճյուղեր բացել նաև մարզի Արծվաբերդ, Այգեձոր, Կողբ, Պառավաքար և Բերդ համայնքներում:
Հանրապետության նախագահը հաջողություն է մաղթել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա զարգացման ծրագրերին:
Ֆաբրիկայի արտադրամաս այցելելուց հետո նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է նաև Չորաթան համայնքի բնակիչների հետ: