ՍԴ փոփոխությունների նախագծում մտահոգող հոդվածներ կան. Լ. Ալավերդյան
«Չեմ գտնում որ, սահմանադրական փոփոխություններն այսօրև առաջնային էին: Այնպիսի փաստաթուղթ, ինչպիսին սահմանադրությունն է, պետք է քնարկվի ավելի հանգիստ պայմաններում»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Ըստ նրա՝ սահմանադրությունը մաս-մաս ներկայացնելը սխալ է. «Սահմանադրությունը միասնական փաստաթուղթ է: Այսպիսի իրավիճակը ես մերժելի եմ համարում: Սահմանադրությունը իրավաքաղաքական, հասարակական, ազգային հոգեբանության հետ կապված փաստաթուղթ է»:
Լ. Ալավերդյանը նկատեց, որ սահմանադրությամբ զբաղվող հանձնաժողովի մեջ պետք է ընդգրկվեին քաղաքագետներ, էթնիկ, ազգային հարցերով հոգեբաններ, հասարակագետներ, սոցիոլոգներ, իսկ մեզ մոտ ընդգրկում են լոկ իրավաբանական անձանց:
«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահին մտահոգում են մարդու իրավունքների վերաբերյալ հոդվածների տեքստերը. «Նախկինի համեմատ կոռեկտ չէ: Օրինակ՝ խոսքի ազատության փոխարեն կարծիքի ազատություն, դա շփոթության մեջ է գցում»:
Ալավերդյանին անհանգստացնում է նաև սեփականության իրավունքը՝ քաղաքացիություն չունեցողի հողի սեփականություն ունենալու մասին դրույթը:
Նրա խոսքերով, այդ իրավունքը պետք է ունենան բացառապես ՀՀ քաղաքացիները: