Քննարկվել է Վեստմինստերյան աբբայությունում Ցեղասպանության տարելիցին նվիրված էկումենիկ միջոցառման նախապատրաստումը
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Լոնդոնում հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի մշակույթի և մեդիայի պետքարտուղար Ջոն Ութինգդեյլի հետ։
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել նախորդ գումարման Համայնքների պալատում պետքարտուղար Ութինգդեյլի գործունեությունը՝ որպես բիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար՝ ընդգծելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական խորհրդարանական կապերը ակտիվ զարգացում են ապրել։
Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ջոն Ուիթինգդեյլին՝ ապրիլի 24-ին Երևանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար։
Լոնդոնում Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՄԹ խորհրդարան, ուր հանդիպում է ունեցել Լորդերի պալատի անդամներ Քերոլայն Քոքսի և Հենրի Հարիսոնի հետ։ Հանդիպմանը քննարկվել են հայ-բրիտանական խորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր, բրիտանա-հայկական բազմակուսակցական խորհրդարանական բարեկամության նոր խմբի ձևավորման աշխատանքները։
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդամների հետ, ովքեր ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները և ծրագրված ձեռնարկները։
Մտքեր են փոխանակվել Հայաստանում և աշխարհում Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանը նվիրված միջոցառումների շուրջ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հոկտեմբերին Լոնդոնի Վեստմինստերյան աբբայությունում կայանալիք` Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված էկումենիկ արարողության նախապատրաստական աշխատանքներին։
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան