«Նվիրում ծնողներիս». Սվետլաննա Նավասարդյանի մենահամերգը
ՀՀ ժողովրդական արտիստ դաշնակահարուհի Սվետլաննա Նավասարդյանը հանդես է գալու «Նվիրում ծնողներիս» խորագրով մենահամերգով: Համերգին դաշնակահարուհին կատարելու է Հայդն, Բրամս, Շոպեն և Կոմիտաս: Համերգը կայանալու է նոյեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից:
Ս. Նավասարդյանը 1965-1968 թվականներին սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում (Վ.Ումր-Շատի դասարան), 1971թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Յակով Զակի դասարան), 1973 թվականին՝ ասպիրանտուրան։ 1966 թվականից հանդիսանում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատար։ 1974 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1981 թվականից՝ դոցենտ):
Համերգներով հանդես է եկել բազմաթիվ երկրներում, մասնակցել Փարիզի, Գրանադայի, Էխտեռնախի (Լյուքսեմբուրգ), Վենետիկի միջազգային փառատոներին, միջազգային մրցույթների դափնեկիր է, եղել միջազգային մրցույթների ժյուրիի անդամ: