Գ. Եղիազարյան. «Այո»-ն, ցավոք սրտի, հաղթելու է
Պետք է ողջունել «այո»-ի և «ոչ»-ի այս ռեալիթի շոուն, քանի որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ հակադիր երկու կողմեր նույն մեքենայով տեղ են գնում և մասնակցում ընդհանուր միջոցառման: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
Նա նկատեց, որ ընդդիմության մի մասը, որը չի մասնակցում միջոցառմանը, սխալ է անում, մարդիկ նրանց սպասում են:
«Չեմ հասկանում սրանք բարեփոխումներ են, թե չարեփոխումներ, այս նոր սահմանադրությամբ մենք չենք կարող ապրել»,-նշեց Եղիազարյանն՝ ընդգծելով, որ մարդկանց հիմնականում սոցիալական հարցերն են հետաքրքրում:
ԱԱԾ նախկին պետի տեղակալն անդրադարձավ նոր սահմանադրության մեջ իրեն մտահոգող կետերին. «Եվրոպայում արդեն սկսելու են 16 տարին լրանալուց հետո նոր որոշել սեռը, մենք էլ այս նոր սահմանադրությամբ արդեն վտանգված ենք այդ հարցով: Մտահոգիչ է նաև պաշտպանության նախարարության կետը, մենք ունենալու ենք մի սահմանադրություն, որտեղ անհասականալի է լինելու թե ով է լինելու այդ ոլորտի ղեկավարը»:
Եղիազարյանը նշեց նաև, որ բնակակչության հուզող հարցերից մեկն էլ անվճար բուժօգնության և պետպատվերի մասն է. «Այս սահմանադրության մեջ դա նշված չէ: Ասում են այդ կետը կվերանայվի օրենքներով, բայց Մայր օրենքում դա չկա: Վրիպակ է նաև անչափահասներին ծնողներին դատի տալու կետը: Եթե 14 տարեկան երեխան ուշ է տուն գալիս մայրը վրան խոսում է, նա իրավունք ունի դատի տալ ծնողին: Մենք հայ ենք, ունենք ավանդական ընտանիք և դաստիարակման ձև, որով մեր ծնողներն են մեզ դաստիարակել»:
Ըստ նրա՝ այս սահմանադրությունը մեզ ուղղակի տանելու է արտաքին կառավարման և հավերժացնելու է ՀՀԿ-ի իշխանությունը:
Հանդիպմանը ներկա ԱԺ Հանրապետական խմբակցությունից Սուքիաս Ավետիսյանն էլ հակադրվելով Եղիազարյանի դիտարկումներին՝ ասաց, որ շատ նպատակային են սահմանադրական բարեփոխումները:
«Ունենալով մենտալիտետ, մենք հստակ սահմանադրությունում ֆիքսել ենք ինչ է նշանակում ընտանիքը Հայաստանի համար, իսկ երեխաների իրավունքների հետ կապված հոդվածը որևիցե վտանգ չի ներկայացնում մեր ազգային ավանդություները պահպանելու համար»,-նշեց Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է ՊՆ-ին, Հանրապետական խմբակցության անդամն ասաց, որ սահմանադրության մեջ հստակ ասվում է՝ բանակի օպերատիվ ղեկավարումն իրականացնում է խաղաղ ժամանակ` գլխավոր շտաբի պետը, իսկ պատերազմի ժամանակ գլխավոր հարամանատարը վարչապետն է դառնում. «Իսկ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական է, որը կարող է զբաղեցնել այդ ուղին անցած մարդ»:
Պետպատվերի մասին ԱԱԾ նախկին պետի տեղակալի դիտարկմանն անդրադառնալով՝ Սուքիաս Ավետիսյանն ասաց, որ նկատելի է, որ պետպատվերով բուժման շրջանակը մեր երկրում գնալով ավելանում է և նոր սահմանադրությամբ դա չի վերանում:
Ամփոփելով բանավեճը՝ Գուրգեն Եղիազարյանը հավելեց. ««Այո»-ն, ցավոք սրտի, հաղթելու է, և ոչ թե նրա համար որ մարդիկ տոգորված են ՀՀԿ-ին երկար կյանք տալու, այլ այն պատճառով, որ անտարբեր մարդկանց մեծ քանակ կա, իսկ նրանց ուղղորդելու են դեպի «այո»: Այսքան ժամանակ շփվածս մարդկանցից դեռ ոչ մեկը չէր կարդացել նոր սահմանադրությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան