Էդմոն Մարուքյանի մարտահրավերը
Մինչ երևանյան հյուրանոցներից մեկի սրահում կմեկնարկեր «Լուսավոր Հայաստան» նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը, սրահի մի անկյունում երաժիշտների քառյակը դասական երաժշտություն էր նվագում: Հյուրանոցի սրահում, նկատենք, հիմնականում երիտասարդներ են:
«Երբ սկսեցինք մեր հրապարակային գործունեությունը, մեզ շատ էին քննադատում: Մենք գտնում ենք, որ մեր հերոսները, մեր հայրերը, մեր ազատամարտիկները, անկախության շարժման մեր առաջամարտիկները ունեցել են երկու երազանք` անկախ, ինքնիշխան Հայաստանի ստեղծում և Արցախի ազատագրում: Այդ երազանքներն իրացնել հաջողվել է», -իր ելույթում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Էդմոն Մարուքյանը:
Բայց, նրա խոսքով, կա նաև երրորդ երազանք` ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում կառուցել, և «Լուսավոր Հայաստանի» գործունեությունն ուղղված է հենց այդ երազանքի կատարմանը:
Մարուքյանը հստակեցրեց` «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ընտրում է եվրոպական ճանապարհը:
«Եվրոպական մոդելի պետությունը այն պետությունն է, որտեղ մարդու ազատ կամքի արտահայտությունը` ընտրությունը, արդար է, թափանցիկ, եվրոպական մոդելի պետությունն այն պետությունն է, որտեղ կան հակակշիռներ և փոխադարձ զսպումներ: Մենք սրա կողմնակիցն ենք ու մարտահրավեր ենք նետելու բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են, որ նման պետություն զարգանա, ովքեր կողմ են մենաշնորհին, ովքեր դեմ են, որ ընտրությունները կեղծվեն, ովքեր դեմ են, որ կոռուպցիան կրճատվի», -ներկայացրեց Մարուքյանը:
Նրա խոսքով, իրենք դեմ են հասարակությունը սև ու սպիտակի բաժանելուն, դավաճաններ փնտրելուն:
«Բայց եթե նման դեբատ բացվի, ապա հայտարարում եմ` մեզ համար դավաճանը ամենօրյա կաշառակերն է, որը վտանգում է Հայաստանի արդիականացումը», -հայտարարեց Մարուքյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան