Դավիթ Բաբայան. ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ քննարկումները չպետք է լինեն շոու
Պաշտոնական Ստեփանակերտը կարևորում է ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ ցանկացած քննարկում, նամանավանդ համանախագահող երկիրը ներկայացնող պետությունում:
Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ԼՂ խնդրի կարգավորմամաբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի այն գրառմանը, ըստ որի Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու դրա կարգավորման վերաբերյալ քննարկումներ են անցկացվել։
«Իհարկե, խոսքը վերաբերում է կառուցողական քննարկումներին: Այսինքն, չպետք է լինի շոու»,-ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակն ու կարծիք հայտնեց, որ ամերիկացի նախագահի նշած քննարկումը եղել է գիտավերլուծական շրջանակների մասնակցությամբ:
Բաբայանի խոսքով, Արցախում ողջունում են ցանկացած համապարփակ քննարկում, որն ուղղված է խնդրի խաղաղ կարգավորմանը. «Կարծում ենք, որ ընդհանրապես նման քննարկումներում արցախյան կողմը պարտադիր մասնակցի»:
Panorama.am-ի զրուցակիցն ասաց, որ այս պահին տեղեկություններ չունի, թե ով կամ ովքեր են Արցախից մասնակցել Վաշինգտոնում կայացած քննարկումներին, խոստացավ ճշտել: Քննարկման այլ մասնակիցների ու հնչած շեշտադրումների մասին էլ Բաբայանը շատ տեղեկություններ չունի. «Լինելով համանախագահող, Ուորլիքը ըստ պաշտոնի, պետք է ամեն ինչ անի, որ այդ քննարկումները լինեն օբյեկտիվ ու անկողմնակալ, քանի որ եթե հակառակը լինի, բնական է, որ հարցի կարգավորման առումով լուրջ առաջընթաց չի կարելի սպասել»:
Նույն հարցով դիմել էինք քաղաքագետ Արմեն Մինասյանին։
-Նայած որ տեսանկյունից ենք նայում,- պատասխանեց նա,- եթե միայն Մոսկվայում քննարկեն՝ ավելի վատ կլինի։ Որ առհասարակ չքննարկեն՝ շատ ավելի լավ կլիներ։