Ռուս պայմանագրային զինծառայողը հարբած վիճակում փորձել է ներխուժել գյումրեցու բնակարան
Փետրվարի 1-ին կեսգիշերին Գյումրիում արտառոց դեպք է տեղի ունեցել. ռուսական թիվ 102 ռազմաբազայի պայմանագրային զինծառայող, 1990 թվականին ծնված Սերգեյ Սուդնիկովը հարբած վիճակում փորձել է ներխուժել Գյումրիի Անիի թաղամասի բնակարաններից մեկը:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Սուդնիկովն արդեն բացատրություն է տվել և ասել է, որ շփոթել է շենքը:
«Նա ասել է, որ գտնվել է հարևանությամբ բնակվող իր ընկերոջ տանը, միասին խմել են հետո տուն վերադառնալու նպատակով, փորձել է Պարույր Սևակ փողոցից տաքսիով գնալ իր բնակարան: Սակայն քանի որ գիշերվա ուշ ժամ է եղել, տաքսի չի եղել որոշել է վերադառնալ ընկերոջ բնակարան ու գիշերել այնտեղ: Այդ ընթացքում գտնվելով հարբած վիճակում, շփոթել է բնակարանը», -փոխանցեց դատախազը:
Նրա ներկայացմամբ, նույնաբովանդակ բացատրություն է տվել նաև Սուդնիկովի ընկերը:
Րաֆֆի Ասլանյանը տեղեկացրեց, որ երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են և ծառայության ժամերից հետո ռազմաբազայի տարածքից նրանց ելումուտն ազատ է: Սուդնիկովն ու նրա ընկերը, որպես պայմանագրային զինծառայողներ, բնակվում են Գյումրիում և ոչ թե զորամասի տարածքում:
«Բնակիչներին որևէ վնաս չի հասցրել: Ավելին, անձի մոտ զենք չի հայտնաբերվել, քանի որ Սուդնիկովը հրետանավոր է, հրետանու մասնագետ և իրեն ամրակցված զենք չունի», -հավելեց Շիրակի մարզի դատախազը:
Նա նաև տեղեկացրեց, որ իր հանձնարարությամբ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և տասնօրյա ժամկետում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հնարավոր կլինի վերջնական հետևություններ անել, թե արդյոք տվյալ միջադեպում կան հանցագործության հատկանիշներ:
Լրահոս
Տեսանյութեր
Մի կողմում հայ ժողովուրդն է, մյուս կողմում թշնամին և մեր իշխանությունը միասին. Դավիթ Անանյան