Օմբուդսմենին ընտրելու մասին որոշումն ընդունվեց Հանրապետականին ցանկալի տարբերակով
Այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման մշտական հանձնաժողովների թիվը, անվանումները և գործունեության ոլորտները սահմանելու մասին» ԱԺ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Այս որոշումն ընդունվել է 2012 թվականին և 2015 թվականի Սահամանդրական փոփոխություններից հետո անհրաժեշտություն է առաջացել դրանում կատարել փոփոխություններ:
Այս որոշման մեջ կատարվող փոփոխություններով, առաջարկվում է սահմանել, որ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն է իրավասու Ազգային ժողովին ներկայացնել Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուի վերաբերյալ առաջարկություն: Եվ այդ թեկնածուն կարող է լինել մեկը: Բացի այդ, որոշմամբ սահմանվում է Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների վերաբերյալ հանձնաժողովին դիմումների ներկայացման կարգը և ժամկետները:
Ըստ նույն որոշման, Ազգային ժողովին Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածու է առաջարկվում Հայաստանի Հանրապետության պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի գրավոր դիմումով ներկայացված թեկնածուների թվից:
Ընդդիմադիր պատգամավորները առարկել էին` պատճառաբանելով, թե թեկնածուներ չեն ներկայացվում ԱԺ լիագումար նիստին և մրցակցություն չի ստեղծվում ՄԻՊ պաշտոնում թեկնածուին ընտրելու հարցում: ԱԺ երեկվա նիստում պատգամավորները առաջարկել էին, որպեսզի խմբակցությունները ներկայացնեն թեկնածուներ, և հանձնաժողովը գոնե երկու թեկնածություն ներկայացնի ԱԺ լիագումար նիստում:
Այսօր որոշման նախագծի քվեարկությունից առաջ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հայտարարեց, որ իրենք հաշվի են առել քննարկման ընթացքում բոլոր առաջարկություններն ու դիտողությունները, բայց դրանք չեն ընդունվել. այսինքն ԱԺ լիագումար նիստին կներկայացվի մեկ թեկնածու:
«Օրինակ, առաջարկվում էր, որ խմբակցությունները կարողանան ներկայացնել ՄԻՊ-ի իրենց թեկնածուին, բայց մենք չենք ընդունել, որովհետև մեր հանձնաժողովում բոլոր խմբակցությունները ներկայացված են և կարող են իրենց թեկնածուին ներկայացնել: Իսկ մյուս սկզբունքային առաջարկն այն էր, որ ԱԺ լիագումար նիստին ներկայացվի ՄԻՊ-ի երկու թեկնածու, դա ևս չի ընդունվել, քանի որ նպատակահարմար չէր, որովհետև ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը արդեն իսկ քննարկում կազմակերպում է, իսկ լիագումար նիստերի ընթացքում պատգամավորները կողմ կամ դեմ մոտեցումները կարող են արտահայտել», -բացատրեց Հովհաննես Սահակյանը:
Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ մրցակցություն չի լինում և ընտրության հանրավորություն չի կատարվում: «Մենք այդպիսով չենք կարողանալու ընտրություն կատարել թեկնածուների միջև», -հավելեց Փոստանջյանը:
ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ Վարդան Այվազյանը հիշեցրեց նոր Սահմանադրության պահանջը` ՄԻՊ-ը ընտրվում է պատգամավորների 3/5-րդով, ինչի համար պահանջվում է նաև ընդդիմության ձայնը:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ պաշտոնում Մարուքյանը առաջարկեց Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը
- Օմբուդսմենը պետք է լինի ոչ իշխանության, ոչ ընդդիմության կամակատարը. Նաիրա Զոհրաբյան
- Օմբուդսմենի ընտրության առաջարկվող կարգը մրցակցային չի կարող լինել. Զարուհի Փոստանջյան
- Նոր Օմբուդսմենի թեկնածությունը կառաջարկի ոչ թե ԱԺ-ն, այլ պետա-իրավական հանձնաժողովը
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները