Մելքոնյան. Մոսկվայի պայմանագիրը չեղյալ հայտարարելու նախաձեռնությունը պատեհապաշտության վառ դրսևորում է
Մոսկվայի պայմանագիրը չեղյալ համարելու պետդումայի պատգամավորների նախաձեռնությունը ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի գնահատմամբ, թելադրված է միայն ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ:
«1921 թվականի մարտի 16-ին կնքված այդ պայմանագիրը բացահայտ հակահայկական բովանդակություն ուներ: Ռուսական կողմը մոռացության էր տվել այդ պայմանագիրը, և ընդհակառակը՝ 2011 թվականին երկու երկրները բարձր մակարդակով նշեցին այդ պայմանագրի կնքման 90-ամյակը և մեկ անգամ ևս աղ ցանեցին մեր վերքի վրա»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Մելքոնյանը:
Պատմագետի խոսքով, հիմա երբ իրավիճակը փոխվել է, ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են, մեջտեղ բերվեց այդ խնդիրը:
«Ես սա համարում եմ պատեհապաշտության ամենավառ դրսևորումը: Միաժամանակ չեմ հավատում, որ հարցը կհասնի իր տրամաբանական վախճանին, որովհետև սա ավելի շուտ Թուրքիայի նկատմամբ շանտաժ է, քան գործողություն: Սա ավելի կբարդացնի հարաբերությունները»,-ասաց նա:
Ռուսաստանում տեղի ունեցող զարգացումներից, նրա խոսքով, պետք չէ ժամանակից շուտ ոգևորվել: Այս պահին հայկական կողմը պետք է լինի զգուշավոր:
Ինչ վերաբերում է Մոսկվայի պայմանագրի հնարավոր չեղարկման դեպքում Կարսի պայմանագրի ճակատագրին, ապա Ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրենը նկատեց. «Որքան էլ մենք պահանջատիրական կեցվածք ունենք, այսօր Կարսի պայմանագրի չեղյալ հայտարարելն իր մեջ լրջագույն վտանգներ է պարունակում: Համենայն դեպս, եթե Մոսկվայի պայմանագիրը ռուսական կողմը չեղյալ հայտարարեց, ապա մենք պետք է ողջունենք, բայց պետք է հասկանանք, որ գնացքին ընդառաջ վազելը վտանգավոր է»:
Հարցին, թե որ դեպքում Ռուսաստանը կգնա ռուս-թուրքական պայմանագիրը չեղյալ հայտարարելու քայլին, Մելքոնյանը պատասխանեց. «Եթե հանկարծ Սիրիայում ստեղծվի մի այնպիսի իրավիճակ, որ թուրքական սամաններից ռմբակոծվեն ռուսական ռազմաբազաները, և բանը հասնի նրան, որ ռուս-թուրքական հարաբերություններն ուղղակի վերածվեն պատերազմական գործողությունների, այդ պարագայում հնարավոր է, իսկ այս փուլում, կարծում եմ՝ ոչ»:
Նշենք, որ Պետդումայի կոմունիստ երկու պատգամավորներ դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին` առաջարկելով չեղյալ հայտարարել 1921 թ. Թուրքիայի հետ կնքված Մոսկվայի պայմանագիրը: Սերգեյ Օբուխովն և Վալերի Ռաշկինը նշել են, որ Մոսկվայի պայմանագիրը կնքվել է ի վնաս Ռուսաստանի շահերի:
«Անկարան պետք է հասկանա, թե հակամարտության սրումը ինչի կարող է վերածվել: Միայն սա կարող է սթափեցնել նրան և հետ պահել նոր սադրանքներից»,-ասել է Օբուխովը: