Բուրչու Գյուլթեքին. « Հայաստանը կարողանում է տարանջատել իր խնդիրները Թուրքիայի հետ ռուս-թուրքական ճգնաժամի դինամիկայից»
Անկարայի քաղաքական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Բուրչու Գյուլթեքին Պունսմանը հայկական ԶԼՄ-ների հետ օնլայն ասուլիսի ժամանակ պատասխանել է Panorama.am-ի հարցերին:
Մեր թղթակցի այն հարցին, թե արդյոք ռուս-թուրքական հարաբերությունների սրացումը կարող է հանգեցնել այդ երկրների միջև ռազմական ուղղակի բախման, վերլուծաբանը պատասխանել է, թե դա կախված է Սիրիայում դեպքերի հետագա ընթացքից:
«Ռուս-թուրքական ճգնաժամն այլևս երկկողմանի ճգնաժամ չէ: Հալեպում ռուսական օդուժի գործողությունների շարունակման և դեպի Թուրքիայի սահման փախստականների հոսքի ուժեղացման դեպքում մենք կարող ենք ակնկալել ռուս-թուրքական ռազմական լուրջ էսկալացիա: Փաստացի այսօր ՆԱՏՕ-ն իր ուժերը մոբիլիզացնում է թուրք-սիրիական սահմանին: Կարող ենք ակնկալել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածության լուրջ աճ, և նաև դիվանագիտական կապերի խզում»,-նշել է թուրք փորձագետը:
Հարցին, թե որքանով են իրավացի «Իսլամական Պետությունից» մաքսանենգ ճանապարհներով Թուրքիայի կողմից նավթի ձեռքբերման և այդ գործում Էրդողանի հարազատների մասնակցության մասին լուրերը, Պունսմանը պատասխանել է. «Նշանակություն չունի: Ամբողջ 2014թ-ի ընթացքում, մինչև սիրիական կոնֆլիկտում «Իսլամական Պետության»` հիմնական դերակատար դառնալը, ես աշխատել եմ Անկարայում` միջազգային հումանիտար առաքելության շրջանակներում: Ես տեսել եմ, թե ինչպես են իշխանությունները պայքարում մաքսանենգների դեմ: Այդ միջոցառումները շատ հեռու էին բավարար լինելուց և կիրառվում էին միկրոմակարդակում, սակայն այդ շրջանից սկսած` սահմանների վերահսկողության հնարավորությունները զգալիորեն աճել են: Վերջերս ես լսեցի, որ «Վիագրա» հաբերի առևտուրը շատ եկամտաբեր բիզնես է դարձել թուրք-սիրիական սահմանին»:
Մեր թղթակցի դիտարկմանը, թե Թուրքիան ընդդիմանում է Սիրիայի ներսում կոնֆլիկտող կողմերի երկխոսությանը քրդերի մասնակցությանը` նրանց անվանելով ահաբեկիչներ և հարցին, թե արդյոք հնարավոր է սիրիական ցանկացած հիմնախնդրի լուծումն առանց քրդերի մասնակցության` փորձագետը պատասխանեց. «Ըստ երևույթին, Ռուսաստանը ևս դեմ է Սիրիայի քրդական ազգային բանակի մասնակցությանը ժնևյան բանակցություններին: Քրդերը պետք է ասեն իրենց խոսքը Սիրիայի ապագայի հարցում: Թուրքիայի հետ լավ հարաբերությունների շնորհիվ նրանք միայն կշահեն: Ոչ շատ վաղուց նրանց առաջնորդը պաշտոնական ընդունելություն գտավ Անկարայում: Ներկա պահին Քրդական տարածաշրջանային կառավարությունը 3-րդ տեղն է զբաղեցնում Թուրքիայի արտահանման շուկայում` գերմանիայից ու Մեծ Բրիտանիայից հետո: Չի բացառվում, որ Իրաքյան Քրդստանը անկախություն ստանա: Բարզանին շատ իմաստուն առաջնորդ է»:
Panorama.am-ի հարցին, թե ինչպես կանդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունը Հարավային Կովկասի իրավիճակի վրա, թուրք փորձագետը պատասխանեց, որ այս պահին նման ազդեցությունը մինիմալ է:
«Կցանկանայի ընդգծել, որ և´ Վրաստանը, և´ Ադրբեջանը շատ խոհեմ պահվածք դրսևորեցին: Կարևոր է Արևելքը Արևմուտքին միացնող ուղիներ ունենալ: Առաջին անգամ այդ ուղին կոմերցիոն նշանակություն է ձեռք բերել: Կարևոր է, որ Թուրքիան շարունակում է դիտարկել Հայաստանը իբրև անկախ պետություն, և առավել կարևոր է, որ Թուրքիան շարունակի այդպիսին դիտարկել Հայաստանը` ի շնորհիվ նրա, որ Հայաստանը կարողանում է տարանջատել իր խնդիրները Թուրքիայի հետ ռուս-թուրքական ճգնաժամի դինամիկայից: Հայերը պետք է պահպանեն ուղղակի կապերը Թուրքիայում գտնվող անհատների հետ, և ոչ թե հայտնվեն Ռուսաստանի չափից դուրս ազդեցության տակ, ինչպես նաև Թուրքիայի վերաբերյալ քրդերի հետ հարաբերություններով պայմանավորված վերաբերմունք չձևավորեն»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան