Փոխնախարար. Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում օրենսդրական փոփոխություններ են իրականացվում
Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ իշխանությունների առաջնային խնդիրներից է, և այդ ուղղությամբ իրականացվում են ինստիտուցիոնալ և օրենսդրական մի շարք բարեփոխումներ: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ում համանախագահությամբ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով ենթակոմիտեի 7-րդ նիստը:
Նրա խոսքով՝ հետագա քայլերի մշակմանը նախատեսվում է ոլորտի լավագույն միջազգային փորձագետների ներգրավումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունը հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման աշխատանքներին:
Արդարադատության նախարարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, նիստի ընթացքում քննարկվել են կոռուպցիայի և ահաբեկչության դեմ պայքարը, դատաիրավական բարեփոխումները, միգրացիոն խնդիրները, սահմանների կառավարումը, վիզաների դյուրացման գործընթացը, ինչպես նաև իրավական փոխօգնության ու անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող հարցերը:
ԵՄ գործընկերների խնդրանքով Վիգեն Քոչարյանը ներկայացրել է նաև դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ նոր Սահմանադրությամբ դատական համակարգի անկախության ամրապնդման նպատակով սահմանվել են առավել գործուն և արդյունավետ երաշխիքներ, որոնցով կապահովվի դատարանի թե՛ ներքին, թե՛ արտաքին անկախությունը, կբարձրանա անկաշկանդ գործելու հնարավորությունները:
Ենթակոմիտեի համանախագահ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության վարչության ղեկավար Դիրկ Շուեբելը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին վստահեցրել են՝ ԵՄ-ն պատրաստ է շարունակելու աջակցությունը Հայաստանում իրականացվող բարփոխումներին և խորացնելու երկկողմ համագործակցությունը: Նրանք ընդգծել են, որ դատաիրավական և այլ ոլորտների բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում մշակվել է լավ ռազմավարություն և գործողությունների ծրագրեր՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ դեռևս լուծում պահանջող խնդիրների հետ մեկտեղ առկա է զգալի առաջընթաց:
ԵՄ ներկայացուցիչները դրական են գնահատել Հայաստանի ջանքերը կառավարման թափանցիկության, հանրային ոլորտի զարգացման, միգրացիաի կառավարման, ահաբեկչության դեմ պայքարի ու սահմանների վերասկողության ոլորտներում և պատրաստակամություն են հայտնել շարունակելու և խորացնելու համագործակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը