Ամերիկացի գործիչները Էրդողանին նախզգուշացրել են երկրի մասնատման վրանգի մասին
ԱՄՆ մի խումբ քաղաքական և դիվանագիտական գործիչներ հանդես են եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված քննադատական բաց նամակով: «Տասս» լրատվական գործակալության փոխանցմամբ` նամակը հրապարակել է երկուսակցական քաղաքականության վաշինգտոնյան կենտրոնը:
Նամակը, ըստ գործակալության, ստորագրել են ամերիկացի քաղաքական և դիվանագիտական 45 գործիչներ, որոնց թվում են Անկարայում ԱՄՆ նախկին դեսպաններ Մորտ Ամրամովիցը և Էրիկ Էդելմանը, նախկին սենատորներ Ջոզեֆ Լիբերմանն ու Չակ Ռոբան:
Դիմելով Թուրքիայի նախագահին` նամակագիրները իրենց խոր մտահոգությունն են հայտնում երկրում ծավալվող գործընթացների կապակցությամբ:
Նամակում նշվում է, որ ոչ հեռավոր անցյալում ԱՄՆ-ը հույս ուներ, որ Թուրքիան կվերածվի «եռանդուն և կայուն ժողովրդավարության, ավելի ու ավել ուժեղ և գործունակ դաշնակցի»:
Սակայն այժմ, ԱՄՆ-ում «Թուրքիայի ընկերները» խիստ մտահոգված են մասնավորապես, անցյալ տարվա ընթացքում նախագահ Էրդողանի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով շուրջ 1000 մարդու ձեռբակալությունների, կառավարության հակաահաբեկչական քաղաքականությունը քննադատող հարյուրավոր մասնագետների նմատմամբ բանեցվող վարչական ճնշումների, ինչպես նաև անկախ ԶԼՄ-ների և լրագողների հետապնդման դեպքերի կապակցությամբ:
«Խոսքի և ԶԼՄ-ների ազատության այս էրոզիայից բացի, մենք տեսնում ենք, թե ինչպես եք Դուք ձգտում Սահմանադրությունը փոփոխելու միջոցով ամրապնդել ձեր անձնական իշխանությունը»,- նշվում է նամակում:
Հեղինակները հատուկ ընդգծում են այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահի կողմից որդեգրված այս քաղաքական գիծը առաջ է բերում ոչ միայն ընդդիմության, այլև Էրդողանի որոշ կուսակիցների դժգոհությունը: Սա ըստ նրանց կարող է հանգեցնել «երկրի մասնատման»: