Ղարաբաղը պետք է ճանաչեինք շատ վաղուց ու այսքան արյուն, երևի, չթափվեր. Արման Նավասարդյան
Հայաստանի կամ որևէ այլ պետության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը բացարձակ չի հակասում որևէ միջազգային օրենքի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
«Արցախի ճանաչման գործընթացի հետևանքների հետ կապված դժվարանում եմ ասել, որովհետև կարող է լինել երկակի հետևանք։ Արդյո՞ք կփոխվի իրավիճակը տարածաշրջանում։ Կարծում եմ, որ պատերազմի վերսկսումը ճիշտ չէ կապել Հայաստանի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու հետ»,- հավելեց դեսպանը։
Այդուհանդերձ, ըստ բանախոսի, պատմության մեջ կան չճանաչված պետությունները ճանաչելու օրինակներ՝ Հարավային Օսիա, Աբխազիա, Թուրքայի կողմից Հյուսիսային Կիպրոսի ճանաչումը, բայց այդ փաստը արդյունքներ չի տվել:
Ինչ վերաբերում է վերջին իրադարձությունների վերաբերյալ Մոսկվայից հնչած գնահատականներին, ապա Նավասարդյանը նախ նկատեց, որ Ռուսաստանը հայտարարել է, թե տեղյակ չէ Արցախը ճանաչելու վերաբերյալ ՀՀ մտադրության մասին ու հավելեց.
«Դրանով գալիս ենք այն եզրակացության, որ Ռուսաստանը չի նպաստում այդ գործընթացին, ԱՄՆ-ն լռում է, իսկ Թուրքիան պահում է տարածությունը։ Ադրբեջանը, կարծում եմ, կհրահրի լայնամասշտաբ պատերազմ, բայց կրկնում եմ՝ դա կապված չի լինի Ղարաբաղը ճանաչելու հետ»։
Լրագրողը նկատեց, որ ղարաբաղյան հիմնադխնդրի շուրջ բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, իսկ Արցախի ճանաչմամբ վերջ կտրվի բանակցություններին, դեսպանն արձագանքեց, թե իրավիճակը «պարադոքսալ է և կարող են սկսել լայնամասշտաբ գործողություններ»:
«Հարցը, որ բարձրացվել է, ունի պրոպագանդիստական նյուանս, վախեցնել՝ մեծ պետություններին, որ նման բան էլ կա, որ մենք կարող ենք ճանաչել Ղարաբաղը։ Իսկ Ղարաբաղը պետք է ճանաչեինք շատ վաղուց ու այսքան արյուն, երևի, չթափվեր։ Հիմա Ղարաբաղը պետք է ընդգրկել բանակցային գործընթացի մեջ։ Սա է մեր առաջին խնդիրը»,- հայտարարեց բանախոսը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը