Ազատագրելով Շուշին՝ ջարդեցինք թուրքերի մեջքը. Օդաչու
Շուշին ազատագրելով՝ ոնց որ թուրքերի մեջքը ջարդվեց, իսկ այդ ոգևորությունը հայ տղաներին ավելի առաջ մղեց,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց օդաչու, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակակիր և «Արիության համար» մեդալակիր Միքայել Անդրեասյանը:
Նա ընդգծեց, որ Շուշին հայերի համար կարևոր հենակետ էր ու շատ կարևոր էր քաղաքի ազատագրումը, Շուշին Արցախի սիրտն էր:
Օդաչուի խոսքով, Շուշիի ազատագրումից տաս օր առաջ ինքնաթիռով փուչիկներով տաս վագոնի չափ վառելանյութ են տեղափոխել Շուշի. «Եթե մի հատ կայծ լիներ, ինքնաթիռը կփոշիանար»:
Նա նշեց, որ մայիսի 9-ին իր ինքնաթիռին երկրորդ անգամ հարվածեցին, բայց նա կարողացել է Սիսիանում բարեհաջող վայրէջք կատարել: Միայն Մ.Անդրեասյանն էր վնասվել. կոտրվել էր ողնաշարը:
2-րդ օդաչու Աշոտ Մանուչարյանն ասաց, որ առաջին անգամ իրենց օդանավին հարվածեցին մարտի 27-ին, թեժ մարտեր էին մղվում, վնասվել էր առաջին շարժիչը, երկրորդ շարժիչը կիսավնասված էր: Վնասված ինքնաթիռը վայրէջք էր կատարել Երևանում:
«Քաղաքացիական ինքնաթիռներ էին, այն ժամանակ ռազմական ավիացիա չէր: Դա ավելի բարդ էր, ոչ զենք կար վրան, ոչ էլ, խոցվող ինքնաթիռ էր: Մենք ինքնաթիռով զենք, զինամթերք էինք տեղափոխում, ջոկատներ էինք տեղափոխում»,- ասաց Ա.Մանուչարյանը:
Մ. Անդրեասյանն ասաց, որ այսօր ռազմական ավիացիան շատ լավ պոտենցիալ ունի. «Մեկին հինգ օդաչու ունենք: Ապրիլի սկզբի չորսօրյա պատերազմը ցույց տվեց, որ մեր ջահելությունն էլ է շատ լավ պատրաստված: Երեք անգամ մենք օդաչուներով ասել ենք՝ գնանք մարտադաշտ, մեզ չեն թողել, ասել են՝ դուք այստեղ եք պետք»:
Նա նշեց, որ իրենք առաջարկություններ են արել, թե ինչպես պայքարել հակառակորդի անօդաչուների դեմ: Առաջարկությունները, ըստ Մ. Անդրեասյանի, ընդունվել է:
Նրա խոսքով, պետք է միշտ պատրաստ լինել, խփողին պետք է խփել:
Ասուլիսին ներկա բորտ-ինժեներ Արմեն Սայադյանը, ում տղան այս պահին ծառայության մեջ է, նշեց, որ այսօր զինվորների «դոխները տեղն է»:
«Տղաս երբ զանգում է տղաս, չի եղել որևէ անգամ, որ տրտնջա: Ինչ հարցնում եմ՝ ասում է ամեն ինչ լավ է: Բոլոր զինվորներին փառք»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը