«Հաց կիսելու» մշակույթը դպրոցում
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն այսօր Արարատի մարզի Մասիսի թիվ 2 դպրոցում ծանոթացան «Դպրոցական սնունդ» ծրագրի իրականացման ընթացքին:
Նշենք, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շուրջ 45 տարի առաջ է սկսել իրականացնել «Դպրոցական սնունդ» ծրագիրը, Հայաստանում այն մեկնարկել է 2010 թվականից՝ առաջինից չորրորդ դասարանի աշակերտների համար:
Ներկայումս դպրոցական սննդի ծրագիրը երեք մարզերում՝ Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի՝ ՌԴ կառավարության օժանդակությամբ:
Մասիսի թիվ 2 դպրոցում ծրագրի ընթացքին ծանոթանալուց հետո ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ այս ծրագիրը շատ կարևոր խնդիր է լուծում. «Տաք սննդի խնդիրը զարգացման և առողջության տեսակետից շատ կարևոր է երեխաների համար: Պետք է այս ծրագիրը շարունակվի և պետք է կարողանանք չորրորդ դասարանից էլ վեր բարձրանանք: Այս երեք մարզերից հետո փորձելու ենք կառավարության ֆինանսավորմամբ՝ ամեն տարի ևս մի քանի մարզ ընդգրկել: Այս տարի նախատեսում ենք ավելացնել Տավուշի, Շիրակի և Արագածոտնի մարզերը: Ծրագրի համար բյուջերից յուրաքանչյուր երեխային 120 դրամ է հատկացվում, իսկ մնացյալը տրամարդրում են միջազգային դոնոր ընկերությունները»:
Նախարարի խոսքով՝ սա բացի սնվելուց երեխաների մոտ դաստիարակում է կարգապահություն, հացը կիսելու մշակույթ:
Ինչ վերաբերում է վերահսկողությանը՝ Լևոն Մկրտչյանն ասաց, որ այն մարզպետարանների հատուկ վերահսկողության տակ է գտնվում և գնումները ևս կատարվում են նրանց վերահսկողությամբ:
«Մեծ դպրոցներում ավելի հեշտ է այս ծրագրն իրականացնել, իսկ փոքր դպրոցներում խոհանոց ստեղծելու տարածքի հետ կապված խնդիրներ են առաջանում»,-հավելեց նախարարը:
Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչ Պասկալ Միշոն նշեց, թե սննդի մենյուն կազմվում է ըստ կիլոկալորիաների և երեխաների համար անհրաժեշտ վիտամինների համապատասխան բաշխվածությամբ. «Ծրագիրը բավականին մեծ ուշադրություն է դարձնում սննդի անվտանգության հարցերին, ամեն օրվա պատրաստածից անպայման նմուշ է վերցվում»:
Մասիսի թիվ 2 դպրոցի խոհարար Բալասան Զեյնալյանը Panorama.am-ի հետ զրույցում ներկայացրեց դպրոցի խոհանոց ճաշացանկը. «Խոհարարի մասնագիտություն ունեմ, սիրով եմ պատրաստում երեխաների համար: Ճաշացանկում ունենք հարիսա, սպաս, տարբեր փլավներ, աղցաններ, պանիր, միս: Այս ամենն ունի իր համապատասխան չափաբաժինը՝ յուրաքանչյուր երեխային հասանելիք:
Մեզ հետ զրույցում երրորդ դասարանցի Արևիկ Բարսեղյանի պատմելով՝ սիրով է դպրոցում սնվում, իսկ նրա դասընկեր Վահե Հովհաննիսյանը խոսեց նախընտրությունից. «Ամեն ինչ սիրում եմ ուտել, ամեն օր տարբեր բաներ են տալիս, բայց ամենաշատը բրնձով փլավ եմ սիրում»:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանը դավшճան է, ուրախանում է, որ մեր երեխաները զnhվnւմ են. Զոհված զինծառայողի մայր