Ցանկացած ծխող մարդ հիվանդ է. ԱՆ գլխավոր թոքաբան
Թոքի քաղցկեղը, սրտի հետ կապված հիվանդությունների մեծ մասն առաջանում է ծխելու հետևանքով: Ուռուցքի հետևանքով մահացությունների 30 տոկոսի դեպքում ուռուցքն առաջացած է լինում ծխելուց: Խրոնիկ թոքերի հիվանդության հետևանքով մահացածների 80 տոկոսի դեպքում հիվանդությունն առաջացել է լինում ծխելուց: Տվյալները լրագրողների հետ զրույցում ներկայացրեց ԱՆ գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը:
«1000 տեսակ հոդվածներ, գիտական աշխատանքներ են հրապարակվել, որոնց համաձայն, եթե կինը հղիության ընթացքում ծխում է, հավանականությունը մեծ է, որ երեխան կծնվի այս կամ այն հիվանդությամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ եթե մարդ ուզում է թունավորվել, դա իր գործն է, որևէ մեկին չի հետաքրքրում, բայց իրավունք չունի ուրիշներին թունավորել:
Բժիշկն ասաց, որ կան երկրներ, որտեղ օրենքով սահմանված է, եթե հիվանդն ապացուցում է, որ տանը ծխող կա և ծխախոտի ծուխն է եղել հիվանդության առաջացման պատճառը, ծխող մարդը պետք է ամբողջ կյանքում փոխհատուցի հիվանդին:
Ա.Ոսկանյանի խոսքով, ի տարբերություն այլ երկրների, Հայաստանում իրավիճակն ավելի լավ է. ՌԴ-ում մոտավոր ամեն 10-րդ կինը ծխում է, Հայաստանում նրանց թիվը կազմում է 3 տոկոսից պակաս: Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում ավելի ուշ են սկսում ծխել. տղաները մոտ 18 տարեկանից, աղջիկները՝ 20:
Նա նշեց, որ ծխախոտի դեմ պայքարում արդյունքի հասնելու համար պետք է բազմակողմանի լինի այդ պայքարը. օրենք մշակվի ծխախոտ արտադրողների, ներմուծողների համար:
«Իմ կարծիքով, պետք է արգելվեն ծխախոտի բոլոր գովազդները, վաճառասեղաններում դրված չլինեն, արտադրողը պետք է տգեղացնի ծխախոտի տուփը, որպեսզի չգրավի մարդկանց ուշադրությունը: Եթե մարդ ծխում է մի սենյակում, որտեղ այլ մարդիկ կան, պետք է տուգանել նրան»,- որպես պայքարի միջոցներ թվարկեց Ա.Ոսկանյանը:
Նա ընդգծեց, որ ցանկացած ծխող մարդ, թեկուզ 10-20-օր, մեկ ամիս, հիվանդ է, հիվանդությունը ժամանակի ընթացքում անպայման գլուխ կբարձրացնի:
Ինչ վերաբերում է էլեկտրոնային ծխախոտին, մասնագետն ասաց, որ այն ընդամենը բիզնես է: Գիտականորեն դեռևս հաստատված չէ, թե այն ազդում է մարդու առողջության վրա, թե ոչ, բայց, ըստ Ա.Ոսկանյանի, հոգեբանորեն ազդում է շրջապատում գտնվող մարդկանց վրա. «Եթե մեկը հանում է ծխախոտը, մյուսները հետևում են նրան»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ երկրներն, այդ թվում նաև Հայաստանը մայիսի 31-ին նշում են «Առանց ծխախոտի» համաշխարհային օրը: ԱՀԿ-ն այս օրը նշում է1988 թվականից, իսկ Հայաստանը` 2000-ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը