Իրանը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը. Հասան Ռոհանի
Հունիսի 5-ին պաշտոնական այցով Թեհրան ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունել է Իրանի Նախագահ Հասան Ռոհանին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ողջունելով Էդվարդ Նալբանդյանին` Հասան Ռոհանին գոհունակությամբ նշել է, որ Հայաստանն ու Իրանը ունեն ամուր և կայուն բարեկամական հարաբերություններ և կարևորեց դրանց առավել ամրապնդումն ու խորացումը։ Նա հավելել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումից և պատժամիջոցների վերացումից հետո լավ հնարավորություն է ստեղծվել` բոլոր ոլորտներում զարգացնելու երկկողմ առևտրատնտեսական կապերը, և հարկավոր է գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
Էդվարդ Նալբանդյանը Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին փոխանցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և ջերմ ողջույնները:
Իրանի Նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը անդրադարձել են երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքին, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Հասան Ռոհանին նշել է, որ, թեև երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներում գրանցվել է առաջընթաց, փոխգործակցության մեծ ներուժ է առկա, որը պետք է համատեղ ուժերով կյանքի կոչել։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը լրացուցիչ խթան կհանդիսանա բարեկամ ժողովուրդների, հատկապես գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացմանը և զբոսաշրջության զարգացմանը։
Նախարար Նալբանդյանն անդրադարձել է կյանքի կոչված և իրականացվող համատեղ տնտեսական ծրագրերին և շեշտեց Հայաստանի պատրաստակամությունը` նոր առավել հավակնոտ նախագծեր մշակել և իրագործել, ինչպես ի շահ երկու հարևան երկրների տնտեսական զարգացման, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության։ Այս առումով կարևորվել է թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափերով փոխգործակցությունը։
Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքների հաղթահարմանն ուղղված քայլերը, մայիսին Վիեննայում կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ջանքերը: Այս համատեքստում Նախագահ Ռոհանին ընդգծել է, որ Իրանը մշտապես սատարել է տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության ապահովումը` առկա խնդիրների խաղաղ կարգավորման ուղղությամբ, և վերահաստատել, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հագուցալուծումը։ Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։
Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության Նախագահին և նշել, որ մտադիր է մոտ ժամանակներս այցելել Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Ղարաբաղյան հարցում Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանությունների հայտարարությունների տարբերությունները
- Հայաստանի արտգործնախարարը կայցելի Իրան
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան