ԼՂՀ անկախության 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումները մեկնարկում են այսօրվանից
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներն արդեն մեկնարկում են այսօր: ԼՂՀ Ազգային ժողովի կայքում տեղադրված ծրագրի համաձայն, այսօր Արցախի բոլոր կրթօջախներում անցկացվեու է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է» թեմայով դաս, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ սպորտային և մշակութային միջոցառումներ, Ստեփանակերտի կենտրոնական պուրակում կայանալու է զինվորական նվագախմբի համերգ:
Սեպտեմբերի 2-ի միջոցառումների մեկնարկը տրվելու է երթով՝ Վերածննդի հրապարակից դեպի հուշահամալիր, այնուհետև՝ ծաղկեպսակադրություն Ստեփանակերտի հուշահամալիրում: Լինելու են բացօթյա տոնական միջոցառումներ Ստեփանակերտի տարբեր հատվածներում, ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության պալատում բացվելու է ցուցահանդես՝ «Հայաստանի դրամաշրջանառության պատմությունը»: Այդ օրը նաև բացվելու է Շուշիի հանրակացարանային համալիրը: Տոնական համերգից հետո լինելու է հրավառություն Վերածննդի հրապարակում:
Միջոցառումները շարունակվելու են նաև սեպտեմբերի 3-ին, Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում բացվելու է նոր թաղամաս:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը /ԼՂՀ/ կազմավորվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և հարակից Շահումյանի շրջանի սահմաններում: Այդ օրը Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստը` բոլոր մակարդակի խորհուրդների պատգամավորների մասնակցությամբ, ընդունել է հռչակագիր ԼՂՀ հռչակման մասին` ԽՍՀՄ օրենսդրական նորմերին, ինչպես նաև միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված ժողովրդի ինքնորոշման իրավունքին համապատասխան:
Ավելի ուշ, օգտագործելով ինքնուրույն հանրաքվե անցկացնելու և սեփական պետաիրավական կարգավիճակի մասին հարցադրման իրավունքը, որն ամրագրված է միութենական օրենսդրության մեջ, ԼՂՀ ժողովրդական պատգամավորների խորհուրդը որոշում է ընդունել հանրապետության անկախության մասին հանրաքվե անցկացնելու շուրջ: 1991թ. դեկտեմբերի 10-ին կայացած հանրաքվեին, որն անցել է տարբեր տեսակի զենքերից հայկական բնակավայրերի անդադար հրետակոծության ներքո, մասնակցել է գրանցված քաղաքացիների 82.2%-ը: Այդ հանրաքվեին մասնակցել են նաև Գետաշենի ենթաշրջանի բնակիչները, դրանով իսկ իրավական տեսակետից ամրագրելով ենթաշրջանի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմի մեջ մտնելը: Քվեարկությանը չմասնակցած մարդկանց մեծամասնությունը ադրբեջանական բնակավայրերի բնակիչներն էին: Քվեաթերթիկները տպագրվել էին երեք լեզուներով` հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն: Քվեարկածների 99.89%-ը հանդես է եկել Ադրբեջանից անկախանալու օգտին: Հանրաքվեի արդյունքները, նրա ժողովրդավարական և թափանցիկ լինելը հաստատել էին արտասահմանյան անկախ դիտորդները:
1991թ. դեկտեմբերի 28-ին ձևավորված ԼՂՀ Գերագույն խորհուրդն /խորհրդարան/ ընդունել է Հռչակագիր պետական անկախության մասին, դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ իրավական փաստաթղթերի հաջորդականությունը, որոնք ապահովում են քաղաքական կարգավիճակի ինքնուրույն որոշման Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան