«The Washington Post». Ժամանակն է, որ ԱՄՆ պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ
Միջազգային առաջնորդության Մըքեյնի ինստիտուտի ղեկավար Դեյվիդ Քրամերը և Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը առաջատար The Washington Post պարբերականում հրապարակած հոդվածում բարձրաձայնում են Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումների և ընդդիմադիր գործիչների բանտարկությունների մասին՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ:
«Այս տարվա ապրիլ ամսից սկսած Ալիևի ռեժիմը սաստկացրել է հիմնարար ազատությունները ոտնահարելու իր գործելաոճը: Ադրբեջանում իրավիճակի կտրուկ վատթարացումը ԱՄՆ-ից ավելի հստակ քայլեր է պահանջում, մինչդեռ Օբամայի վարչակազմը շարունակում է լռություն պահպանել: Բաքվի իշխանությունները ձեռնարկել են տասնյակ ընդդիմադիր գործիչների, կրոնական հավատացյալների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ձերբակալություններ ու բանտարկություններ: Երկրի բանտերում ճաղերի հետևում են մոտավորապես հարյուր քաղբանտարկյալներ»,- գրում են հեղինակները:
Շարունակելով, վերջիններս մտահոգություն են հայտնում, որ իրավիճակը ավելի կարող է վատթարանալ, քանի որ Իլհամ Ալիևը նախաձեռնել է իր իշխանությունը երկարացնող և երկրում տեղի ունեցող բռնությունները լեգիտիմացնող սահմանադրական փոփոխություններ:
«Սահմանադրական հանրաքվեի արդյունքներն արդեն հայտնի են: Կարող ենք վստահ լինել, որ իշխանությունը անցկացնելու է փոփոխությունների փաթեթը: Դա նշանակում է, որ Ալիևն իր պաշտոնավարման ժամանակահատվածը հինգ տարուց դարձնելու է յոթ տարի, ստեղծելու է փոխնախագահի պաշտոն (որում նշանակելու է իր ընտանիքի անդամներից որևէ մեկին) և իջեցնելու է խորհրդարանի անդամ դառնալու տարիքային շեմը՝ իր տղային՝ Հեյդարին, ընտրվելու հնարավորություն տալու համար: Զարմանալու չի լինի, եթե նույնիսկ ընտրություններն ավելի շուտ տեղի ունենան, որպեսզի արդեն նոր սահմանադրությամբ օրինականացվեն այս բոլոր ավտորիտար քայլերը»,- նախազգուշացնում են հեղինակները:
Նշելով, որ Ադրբեջանն ԱՄՆ շահերի տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող երկիր է, հոդվածի հեղինակները կոչ են անում ԱՄՆ նախագահին հրաժարվել Ալիևի նկատմամբ իր մեղմ վերաբերմունքից և պատժամիջոցների կիրառել Ադրբեջանի դեմ: Հոդվածի հեղինակները առաջարկում են ոչ միայն ադրբեջանցի պաշտոնյաների ակտիվները սառեցնել և նրանց մուտքի արտոնություններից զրկել, այլ նաև Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի շրջանակներում սահմանափակել Ադրբեջանին տրվող օգնությունը, որի կարիքն Ադրբեջանն ունի իր տնտեսական վատացող իրավիճակը կայունացնելու համար:
Դեյվիդ Քրամերը և Ռիչարդ Կոզլարիչը միաժամանակ անհրաժեշտ են համարում, որ Ադրբեջանի դեմ կիրառվող պատժամիջոցներին պետք է միանա նաև Եվրոպան: Հոդվածագիրները անընդունելի են համարում, նաև Ադրբեջանի իշխանամետ մամուլի հրապարակումները, որոնք անկհայտ հակաամերիկյան հռետորաբանություն ունեն: