ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին
ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը նամակ է հղել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին
Հոկտեմբերի 5-ին Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ Ալ Հուսեյնին է փոխանցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի նամակը՝ կապված ս․թ․ սեպտեմբերի 13-ին Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի շրջանակներում արված գերագույն հանձնակատարի հայտարարության հետ, առ այն, որ նրա «գրասենյակը հնարավորություն չունի ծանոթանալու Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտային իրավիճակին, այդ թվում այս տարվա ապրիլի իրադարձություններից հետո»։
ԼՂՀ ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից Լեռնային Ղարաբաղ այցելելու մտադրության մասին որևէ հարցում չեն ստացել, նա նաև ղեկավարն ափսոսանք է հայտնել, որ գրասենյակն ավելի քան երկու տասնամյակ և նույնիսկ ս․ թ․ ապրիլին ադրբեջանական ագրեսիայից հետո չի կարողանում այցելել ԼՂՀ։
«Կարծում ենք՝ ՄԻԳՀԳ-ը պետք է հնարավորություն ունենա ստուգելու ապրիլյան ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործված մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն խախտման՝ պատշաճորեն փաստագրված դեպքերը և ռազմական հանցագործությունները՝ ինչպես ԼՂՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ զինծառայողների դեմ։ Համոզված ենք, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի այդ հանցագործություններին՝ դրանց կրկնությունը կանխելու նպատակով, հակառակ դեպքում, իրականացնողների անպատժելիությունը կարող է խրախուսել հետագայում ևս Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ուժի կիրառումը», - նշվում է նամակում։
Հավաստիացնելով, որ ԼՂՀ իշխանությունները բաց են ՄԻԳՀԳ հետ անկեղծ համագործակցությանը՝ ուղղված ժողովրդավարական նորմերի և սկզբունքների ամրապնդմանը, ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակում մարդու իրավունքների պաշտպանությանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հրավիրել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին այցելել Լեռնային Ղարաբաղ, կամ ուղարկել թիմ՝ անաչառ և օբյեկտիվ գնահատական տալու մարդու իրավունքների բնագավառում առկա իրավիճակին, ինչպես նաև այս տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրագործված հանցագործություններին։