ԵԽԽՎ նախագահ․ Սառեցված հակամարտությունները շարունակում են մնալ չլուծված
Այսօր Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հոկտմբերի 14-ը։
Նստաշրջանի բացմանը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը նշեց, որ ներկայումս ԵԽԽՎ-ի առաջ կանգնած է 4 էքզիստենցիալ մարտահրավերներ, որոնք մշտապես ցնցումներ են առաջացնում։
Առաջինը, ըստ Ագրամոնտի, անդրազգային ահաբեկչությունն է, որը հիմնարար ու բազմաբովանդակ վտանգ է ներկայացնում։ Երկրորդը միգրացիոն ճգնաժամն է, որը լայն բանավեճ է ստեղծել եվրոպական արժեքների ու ինքնության հետ կապված։ Ինչպես ասաց Ագրամունտը՝ միլիոնավոր մարդիկ շարժվում են դեպի Եվրոպա՝ որպես փրկության ճանապարհ, այդ իսկ պատճառով միգրացիոն ճգնաժամը փորձություն է Եվրոպայի՝ համաձայնության հասնելու կարողության համար։
Որպես երրորդ գոյաբանական մարտահրավեր Ագրամունտը նշում է Եվրոպայում դեռևս չլուծված հակամարտությունները։
«Իրավիճակը Ուկրաինայում շարունակում է մնալ շատ նուրբ։ Հակամարտությունը խլել է արդեն 9000 կյանք, Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող անջատողականները դեռևս վերահսկում են երկրի մի մասը։ Անվտանգության սպառնալիքները ու սառեցված հակամարտությունները շարունակում են մնալ Մոլդովայում՝ Մերձդնեստրում, Վրաստանում՝ Աբխազիայում ու Հարավային Օսեթիայում, և Ադրբեջանում՝ Լեռնային Ղարաբաղում։ Այս բոլորը Եվրոպայի անվտանգության համար մարտահրավեր են ներկայացնում և բարդացնում խաղաղ կարգավորման հասնելու ջանքերը։ Խաղաղությունը շնորհված մի համարեք։ Մենք պետք է աշխատենք խաղաղության համար նորից ու նորից ամեն սերնդի հետ»,-ասաց Ագրամունտը, ով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում բազմիցս արտահայտվել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին»։
Ագրամունտը որպես 4-րդ մարտահրավեր նշեց աջակողմյան պոպուլիզմը, ազգայնականության աճն ու մարդու իրավունքների ու ժողովրդավարության սկզբունքների էրոզիան։