Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը մերժում է ԵՄ-ի վարած «սովետականացման» քաղաքականությունը
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ իր երկիրը պետք է դեմ կանգնի ԵՄ-ի վարած «սովետականացման» քաղաքականությանը և պաշտպանի իր սահմանները փախստականների մասսայական ներհոսքից։ Այդ մասին գրում է Reuters-ը։
Օրբանը, որը հայտնի է Եվրոպական Միությանն ուղղված քննադատություններով և մասնավորապես, ընդդիմանում էր դեպի երկրամաս միգրացիայի հոսքին, «սովետականացում» ասելով նկատի ունի Եվրոպական միության կողմից փախստականների հոսքը դեպի երկրներ պարտադրելը։
Նրա խոսքով, Եվրոպայում ազատությունը կախված է ազգերից ու Քրիստոնեական ավանդույթներից։
«Մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկրների ազատությունը, պետք է պաշտպանվեն Բրյուսելի սովետականացումից, այն մարդկանցից, ովքեր մեզ ասում են, թե ովքեր պետք է մեզ հետ միասին ապրեն մեր երկրում։ Մենք ցանկանում ենք լինել եվրոպական երկիր, ոչ թե ազգություն՝ Եվրոպայում», -հայտարարել է Հունգարիայի վարչապետը՝ հազարավոր մարդկանցով բազմության առջև։
Հունգարիայի վարչապետը մշտապես հանդես է եկել ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության դեմ և բազմիցս հայտարարել, որ պետք է ազատվել անօրինական միգրանտներից։ Նրա այս դիրքորոշումը ԵՄ անդամ շատ երկրների համար ցանկալի չի եղել, և Լյուքսեմբուրգի արտգործնախարարը դեռ սեպտեմբերին պահանջել էր Հունգարիային հեռացնել ԵՄ-ից՝ նշելով, որ դա միակ միջոցն է պահպանել ԵՄ-ի միասնականությունը և արժեքները։