Իրանում անընդունելի են համարում Իսրայելի վարչապետի Ադրբեջան նախատեսվող այցը
Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան նախատեսված այցը մուսուլմանների համար անընդունելի է,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Արևմտյան Ատրպատականում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Սեյյեդ Մեհդի Ղորեյշին:
Իրանցի բարձրաստիճան հոգևորականն, անդրադառնալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Ադրբեջան նախատեսվող այցին, մասնավորապես ասել է. «Անընդունելի է, երբ մուսուլմանական երկիրը հարաբերություններ է հաստատում հանցագործի հետ, Ադրբեջանի իշխանությունները պետք է ուշադիր լինեն, դա մուսուլմանների համար անընդունելի է»:
Արդաբիլում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Սեյյեդ Հասան Ամելին էլ հայտարարել է, որ Իսրայելի համար Ադրբեջանը կարևոր է ոչ թե տնտեսական և ռազմական տեսանկյունից, այլ նրա համար, որ Ադրբեջանն Իրանի հարևանն է:
«ՄԵՀՐ»-ի փոխանցմամբ՝ այսօր Թավրիզում տեղի ունեցած ուրբաթօրյա աղոթքից հետո աղոթքի մասնակիցները երթ են անցկացրել՝ դատապարտելով Նեթանյահուի՝ Ադրբեջան նախատեսվող այցը և Բաքվից պահանջել կասեցնել այն:
Նշենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետն Ադրբեջան կայցելի դեկտեմբերի 13-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Մեր այնտեղ հայտնվելը եղել է պատահականություն,որի համար զղջում ենք.Կիրանցիներին այցելած զինվորականներ