Քաղաքագետ.Պատերազմի հավանականությունը մնում է նույնը, ինչ կար ապրիլյան պատերազմից հետո
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ ղեկավարների վերջին հայտարարությունը տարբերվում էր նախորդ նմանատիպ հայտարարություններից: Այս անգամ այն ավելի խիստ, բնականաբար, ելնելով դիվանագիտական առանձնահատկություններից, այնտեղ կոնկրետ հասցեատերն ուղղակի նշված չէր»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Միաժամանակ նա նշեց, որ հայտարարության մեջ արված շեշտադրումներից ելնելով հասկանալի էր, թե ում էին դրանք ուղղված. «Ապրիլյան իրադարձության նախաձեռնող կողմի, խաղաղ բնակչության շրջանում զոհերի, խոշտանգումների հանգամանքը, ինչպես նաև այն հանգամանքը, որ հատուկ շեշտադրվում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի առաքելության ֆորմատի ավելացման, շփման գծում վստահության մեխանիզմների ձգտման հետ կապված խնդիրրները՝ դրանք բացառապես կապված են Ադրբեջանի հետ»:
Ս. Մինասյանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ դիվանագիտական գործընթացը շփման գծում և արցախյան հակամարտության շուրջ կայունության պահպանման գործընթացի էլեմենտներից մեկն է: Նա նշեց, որ հայկական կողմի համար ամենակարևորը կոնկրետ ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական բաղադրիչն է, որտեղ բավականին լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նախորդ ամիսներին:
«Այս տարին ավարտելով՝ մենք կարող ենք խոսել այն մասին, որ փաստացի այն բանակցային գործընթացի շուրջ սպասումները կամ հակառակը՝ նեգատիվ ակնկալիքներն, ավելի քան չարդարացան: Չեմ կարծում, որ տեսանելի ապագայում կարող ենք խոսել այն մասին, որ բանակցային գործընթացում կարող է լինել ոչ դրական, ոչ բացասական փոփոխություններ»,- ասաց քաղաքագետը:
Միաժամանակ Ս. Մինասյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ կշարունակվի արցախյան հակամարտության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրականությունը, լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը մնում է նույնը, ինչ կար ապրիլյան պատերազմից հետո. «Ցավոք, չի բացառվում ցածր մակարդակի էսկալյացիայի, Ադրբեջանի կողմից հերթական ավանտյուրական փորձերը»:
Նա նաև խոսեց անցած շաբաթվա ընթացքում արտաքին քաղաքականության մյուս կարևոր իրադարձության՝ Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ բանակցությունների հերթական փուլի մասին:
«Բավականին լուրջ հույսեր կան, որ հաջորդ տարի կունենանք այդ նոր շրջանակային պայմանագիրը, որը փաստացի կարելի է ասել կհանդիսանա Ասոցացման պայմանագրի ավելի պարզեցված տարբերակը, իր մեջ կներառի ոչ միայն քաղաքական, նաև տնտեսական, այլ ոլորտների շուրջ պայմանավորվածություններ, իրավական բազա, որը կստեղծի նաև իրական շրջանակները ՀՀ-ԵՄ հետագա համագործակցության համար»,- ասաց Ս.Մինասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը լրիվ կտրվել է իրականությունից. Նալբանդյան
- Նալբանդյան. Համբուրգի հանդիպումը կարևոր էր
- Նալբանդյանն ու Լավրովը քննարկել են ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված քայլերը
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ԼՂ հակամարտության վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան