Հալեպի 90%-ը վերահսկվում է կառավարական ուժերի կողմից
Սիրիացի ապստամբները գրեթե ամբողջությամբ կորցրել են Հալեպ քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Վերջին ամիսներին ապստամբներին ինտենսիվորեն դուրս էին մղում սիրիական կառավարական ուժերը` ռուսական օդուժի ակտիվ աջակցությամբ: BBC գործակալության փոխանցմամբ` Սիրիական բանակն ազատել է նաև Շեյխ-Սայիդ թաղամասը` այդպիսով վերահսկողություն է սահմանելով Հալեպ քաղաքի շուրջ 90% տարածքի նկատմամբ:
«Բանակն ամբողջությամբ վերահսկողության տակ է վերցրել Շեյխ-Սայիդ թաղամասը: Սիրիական կառավարությունն այժմ վերահսկում է տարածքի (Հալեպ) 90%-ը», - հայտարարել է Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Ռահմանը` Ֆրանս Պրես գործակալության հետ զրույցում:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հաղորդել էին, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հաջողվել է քաղաքից դուրս բերել մեծ թվով խաղաղ բնակիչներ:Ակտիվիստներն իրենց հերթին հայտնում են, որ ավելի քան 10 հազար փախստականներ տեղափոխվել են կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող համեմատաբար անվտանգ տարածքներ:
Սիրիական կառավարական բանակի առաջխաղացումը Հալեպում վերջին ժամանակների ամենամեծ հարվածն էր ապստամբ ոժերին, որոնք նրանք մինչ այդ կրել էին:Հալեպի արևելյան մասն ավելի քան 4 տարի էր, ինչ գտնվում էր Ասադի հակառակորդների ձեռքում: