Թալիշում տները կառուցվում են ապաստարաններով
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը օրերս է վերադարձել ապրիլյան պատերազմի ժամանակ ուժգին գնդակոծված Թալիշից և փաստում է՝ «Թալիշում այժմ «ռեստարտային» տրամադրություններ են»:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Աբրահամյանն ասաց, որ գյուղում համատարած վերանորոգման ու վերականգնման աշխատանքներ են ընթանում:
«Նախնական կարգով արդեն առանձնացված է գյուղի այն հատվածը, որտեղ վերակառուցման գործընթաց է սկսվելու: Ընտրվել են գյուղի այն հատվածները, որոնք առավել անվտանգ են, հակառակորդի ուղիղ նշանառության տակ չեն, ռելիեֆային առումով, այսպես ասած, բնական պաշտպանվածություն են ապահովում», -փոխանցեց Աբրահամյանը:
Նրա խոսքով, բացի այդ, Թալիշը Մատաղիսին կապող ճանապարհը վերակառուցվել է՝ առավել անվտանգ է դարձվել, իսկ Մատաղիսը Թալիշին կապող երկրորդ ճանապարհն էլ բարեկարգվում, որը դիրքային առումով քիչ խոցելի է:
Ինչ վերաբերում է բնակելի տների վերանորոգմանը, ապա ըստ մեր զրուցակցի, բացի համայնքային նշանակության օբյեկտներից, կառուցվում են նաև առանձնատներ: Այս անգամ թալիշցիներին նորություն է սպասվում՝ յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է իր ապաստարանը: Սա, ի դեպ, նորություն է Թալիշի համար, քանի որ նախկինում ապաստարաններ կամ չեն եղել կամ ամուր չեն եղել:
«Ներկայումս ընդհանուր ուսումնասիրություններ են կատարվում, առաջիկայում առանձնատների համար նախատեսված տարածքները կմաքրվեն, անհրաժեշտ հողային աշխատանքներ կիրականացվեն», փոխանցեց քաղաքագետը:
Մեր դիտարկմանը, թե ապրիլյան դեպքերից հետո Հայաստան տեղափոխված թալիշցիները «Ազատություն» ռկ-ին հարցազրույց էին տվել ու ասել, որ չեն կարող տեղափոխվել Թալիշ, քանի որ անվտանգության երաշխիքներ չունեն, քաղաքագետն արձագանքեց. «Պետությունը գյուղի բնականոն առօրյայի և անվտանգության ապահովման անհրաժեշտ պայմաններ է ստեղծում, սակայն որևէ մեկին չես կարող պարտադրել ապրել Թալիշում: Յուրաքանչյուրը՝ կատարված աշխատանքներից հետո, պետք է իր համար վերլուծի ու որոշում կայացնի՝ տեղափոխի՞ իր ընտանիքը Թալիշ, թե՞ ոչ»:
Այդուհանդերձ, քաղաքագետը փաստում է, որ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ անվտանգության ապահովման, լուրջ աշխատանքներ են իրականացվում Թալիշում: Տիգրան Աբրահամյանի խոսքով, ապրիլի համեմատ, այժմ Թալիշը միանշանակ առավել անվտանգ բնակավայր կլինի: Սակայն նրա ներկայացմամբ, դա դեռ չի նշանակում, որ բոլոր վտանգները վերանում են, քանզի պետք չէ մոռանալ, որ մեր հարևանը Ադրբեջանն է, որից ամեն ինչ էլ սպասելի է:
«Կրկնում եմ՝ նույնիսկ անվտանգության ապահովման աննախադեպ միջոցառումների պայմաններում թալիշցին ինքը պետք է բազմակողմանի գնահատի իրավիճակը ու որոշում կայացնի, ամեն դեպքում Արցախում արվում է առավելագույնը: Մեկ կարևոր հանգամանք ևս. Հայաստանում և Արցախում կան բնակավայրեր, որոնք անվտանգության տեսանկյունից շատ ավելի խոցելի են, քան Թալիշը, մանավանդ վերակառուցման գործընթացից հետո, սակայն այդ բնակավայրերում մարդիկ ապրում են», -հավելեց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին