Եգիպտահայոց թեմի առաջնորդը՝ Ղպտի եկեղեցում պայթյունի մասին
Եգիպտոսի թեմի առաջնորդ տեր Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը «Հայ Ձայն»-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է Եգիպտոսում Ղպտի ուղղափառ եկեղեցում տեղի ունեցած պայթյունը:
«Մենք գիտենք, որ այս ամենը ժամանակավոր է, և այն, ինչ կատարվում է, նույնպես դատապարտելի է Եգիպտոսի բնակչության կողմից: Սա է մեզ համար մխիթարականը, քանի որ զգում են, որ երկրի մեծամասնությունը չի կիսում նրանց մտածելակերպը», -ասել է թեմի առաջնորդը:
Սրբազանը պատմել է, որ պայթյունը տեղի է ունեցել, ոչ թե ղպտիների Մայր Տաճարի մէջ, այլ քաղաքի մեկ այլ հատվածում մեծ եկեղեցու մեջ: «Ներկայումս մասնավոր քայլեր չեն ձեռնարկվել: Թաղամասը ամբողջությամբ վերահսկողության տակ է և անվտանգության մարմինները փորձում են պայթյունի հետ կապված մանրամասներ ճշտել, հետևաբար տեղեկությունները ժամ առ ժամ փոփոխվում են: Օրինակ՝ մի քանի ժամ առաջ հայտարարվում էր, թե կասկածյալը կին է, ավելի ուշ տեղեկություն տարածվեց, թե 22 տարեկան երիտասարդ է», -ասել է Սրբազանը:
Լրատվամիջոցի զրուցակիցը հույս է հայտնել, որ թեև շատ մանրամասներ դեռ անորոշ են, սակայն առաջիկայում հստակ տեղեկություն կհաղորդվի, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի կատարվածի վերաբերյալ, քանզի «կատարվածը շատ մտահոգիչ է»:
«Մտահոգիչ է ոչ միայն այն բանի համար, որ մեծ թվով ղպտիներ կան Եգիպտոսի մեջ և նրանք եկեղեցիներ, համայնքներ ունեն ու շատ խիստ կերպով կապված են իրենց եկեղեցու հետ՝ արարողություններով ու ծիսակարգերով, այլ նաև մտահոգիչ է երկրի ընդհանուր կայունությանն ուղղված ջանքերի առումով, որովհետև այսպիսով խախտվում են Եգիպտոսի կառավարության կողմից իրականացվող միջոցառումները՝ երկրին մեջ խաղաղություն և անվտանգություն հաստատելու առնչությամբ», -հավելել է Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը:
Հարցին, թե արդյոք դեպքի ժամանակ հայկական եկեղեցում պատարագ է՞ մատուցվել, Սրբազանը պատասխանել է. «Մենք Կահիրեի մեջ ունենք մեր Մայր Եկեղեցին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, որն ավելի մոտ է ղպտիների պատրիարքարանին: Բայց երկու գերեզմանատների մեջ ունենք նաև մատուռներ, որոնցից յուրաքանչյուրի մեջ տարեկան վեց անգամ պատարագ է մատուցվում: Մեր հին գերեզմանատան եկեղեցին՝ Սուրբ Մինասը այսօր Եգիպտոսի ամենահին եկեղեցին է, որը կառուցված է 1843-ին: Այդ օրը Սուրբ Մինասի տոնի առիթով մենք ուխտի էինք ու գտնվում էինք այդ երեկեղեցու մեջ, որը բավական հեռու է և մեր Մայր եկեղեցուց, և ղպտիների եկեղեցուց: Բայց անշուշտ լուրը շատ արագ տարածվեց, և մենք այն լսելով անմիջապես կարգադրություններ կատարեցինք՝ անակնկալ պատահարներից խուսափելու համար»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նախագահը ցավակցական հեռագրեր է հղել Եգիպտոսի և Բուլղարիայի նախագահներին
- Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հովվապետին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին