Դավիթ Բաբայան. Ղարաբաղյան կարգավորման գործընթացին նոր լիցք է անհրաժեշտ
Նոր ձևաչափի անհրաժեշտություն է ծագում, որը թույլ կտա մի փոքր լիցք հաղորդել բանակցային գործընթացին: «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի, մի քանի օր առաջ, Մամեդյարովի նախօրեին արած հայտարարություններին, նշեց Արցախի հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Առաջին հերթին՝ ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, թե՝ Արցախի հարցը Ադրբեջանի ներքին խնդիրը չէ, նշանակում է, որ չի կարող լինել վերադարձ անցյալին, Երկրորդ՝ նաև պատերազմ հրահրելը նույնպես անընդունելի է, որովհետև սա գլոբալ հիմնախնդիր է: Ադրբեջանը բնականաբար սա շատ վատ է ընդունել ու Ալիևի Մամեդյարովի այլ դիվանագետների հայտարարությունները հետևեցին անմիջապես դրանից հետո»,- նշեց Բաբայանը և հավելեց, որ բանակցային գործընթացին նոր լիցք՝ վերաբեռնավորում («Перезагрузка») է անհրաժեշտ:
«Ճիշտ է այդ վերաբեռնավորման համար կարող է երկար ժամանակ պահանջվի, բայց պետք է միտված լինի կառուցողականության, այլ ոչ թե կրի ռևանշիստական բնույթ»,- մանրամասնեց նա:
Բաբայանի համոզմամբ, 22 տարի պատերազմի պատրաստված Ադրբեջանը 2016թ.-ի ապրիլին հասկացավ, որ ռազմական ճանապարհով լուծումն անհնար է:
«Բոլորի համար կարևոր է, որ Հարավային Կովկասում լինի խաղաղություն և կայունություն թե՛ մարդասիրական և թե՛ աշխարհաքաղաքական տեսանկյունից: Հակառակ պարագայում պայթյունն ավելի մեծ ու սարսափելի կլինի, քան Սիրիայում է: Ուստի գլխավորը, խաղաղության և կայունության պահպանումն է: Սակայն դա կախված է նաև Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորումից: Իսկ եթե Ադրբեջանը փորձում է դա խախտել, դիմելով ռազմական գործողությունների, ապա խախտում է խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում: Այդ ժամանակ Ադրբեջանի վրա կլինի իրական ճնշում»,- նշեց խոսնակը:
Ինչ վերաբերում է ստատուս-քվոյի փոփոխության վերաբերյալ Մամեդյարովի հայտարարությանը, Բաբայանը նշեց, որ եթե ինչ-որ բան ցանկանում են փոխել, ապա դա պետք է սկսեն իրենց մոտեցումներից:
«Առաջին հերթին Ադրբեջանի ԽՍՀ տարածքը վերականգնելու վերաբերյալ մոտեցման մեջ պետք է փոփոխություններ անել, ապա նոր մտածել խնդրի կարգավորման ու «ստատուս քվոն» փոփոխելու մասին»,- նշեց նա:
Բաբայանը Ալիևի վերջին հայտարարությունների առնչությամբ խորհուրդ տվեց վերջինիս խոհեմ գտնվել և արագ ճանաչել Արցախի հանրապետությունը. «Ինչքան արագ ճանաչի Արցախի հանրապետությունը, այնքան շուտ կձերբազատվի այդ անորմալ իրավիճակից, իսկ հակառակ պարագայում, Ադրբեջանի տարածքում մի քանի պետությունների ձևավորումը՝ թալիշական, լեզգիական, ավարական և այլն դառնալու է անխուսափելի»: