ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել Է վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արևելքում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պահանջում են անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արևելքում: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Անվտանգության խորհրդի կողմից մամուլի համար ընդունված հայտարարության մեջ:
«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտեցին Մինսկի համաձայնագրերով արգելված զենքի կիրառումը Դոնեցկի մարզում շփման գծում, ինչը հանգեցրել է զոհերի ու վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,-ընդգծվում է փաստաթղթում:
Անվտանգության խորհուրդը հայտարարել է «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր լիակատար աջակցության», ինչպես նաև «2202 բանաձևի (2015) խստիվ կատարման անհրաժեշտության» մասին, որը հաստատում է «Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառուները»:
Համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն լրագրողներին հայտնել է, որ փետրվարի 2-ին կկայանա ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց նիստը՝ նվիրված Ուկրաինայի արևելքի իրադրությանը: