Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի հայերեն տարբերակը տարածման խնդիր ունի. Սուրեն Սարգսյան
Ազգությամբ բաշկիր ռուսաստանցի գրող և կինոդրամատուրգ, հայագետ, ՀԳՄ պատվավոր անդամ Կիմ Բակշիի հեղինակությամբ դեռ 2012-ին լույս է տեսել «Արցախի հոգևոր գանձերը» գիրքը ռուսերեն լեզվով, 2015-ին՝ հայերեն, սակայն այսօր հայերեն տարբերակի տարածման հետ կապված խնդիրներ կան: Լրագրողների հետ հանդիպմանը «Արցախի հոգևոր գանձերը» գրքի ստեղծման նախագծի կազմակերպիչ Սուրեն Սարգսյանը նախ ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը. «Արցախի ղեկավարությունը 2006-ին առաջարկել էր և Կիմ Բակշին էլ որոշել էր գրել այդ գիրքը: 2006-ին, 2007-ին, 2008-ին լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի հետ եղել ենք Արցախում, արվել են շատ լուսանկարներ: Բացի այդ, Կիմ Բակշին եղել է տարբեր երկրներում, ծանոթացել այդ երկրների թանգարաններում պահվող Արցախի ձեռագրերի հետ: Նախ 2012-ին լույս տեսավ գիրքը ռուսերեն լեզվով՝ առանց լուսանկարների, իսկ 2013-ին արդեն լուսանկարներով, այսինքն այնպես, ինչպես մենք էինք ուզում: Հովանավոր էր գտնվել, նրա միջոցովներով հրատարակվեց:
Հայաստանի սփյուռքի նախարարությունում երբ տեսան ռուսերեն տարբերակը, փոխնախարար Սրափիոնյանն ասաց, որ լավ կլինի նաև հայերենը լինի, նշեց, որ կփորձեն մեզ օգնել: Մենք պատրաստվեցինք ու հրատարակեցինք հայերեն, գիրք-ալբոմ է»:
Նա նշեց, որ տարբեր տեղերից գումար էր հայթայթել, 1500 օրինակով տպագրվել էր, այսօր դեռևս 600 օրինակ սպառված չէ:
«Վստահ էինք, որ պետքական գիրք է, պետական կառույցերը մեզանից կվերցնեն: Հայաստանի Գրողների միության նախագահի, մտավորականների խմբի բարձր գնահատականին է արժանացել: Միայն մշակույթի, կրթության և գիտության, տարածքային կառավարման և զարգացման նախարարություններն են վերցրել: Սփյուռքի նախարարությունից ասել էին, որ կփորձեն գումար գտնել ձեռք բերելու և տարածելու համար, Երևանի քաղաքապետարանից պատասխանել, որ այս գրքի համար գումար նախատեսած չի եղել:
Այսօր Կիմ Բակշին վիրավորված է, որ գիրքը ոչ մեկին չի հետաքրքրում և տարածման խնդիր կա»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի խոսքով, հայկական և ռուսական տարբերակները տարբերվում են իրարից. «Թարգմանչուհի Ջուլիետա Կազարյանի շնորհիվ հայերեն տարբերակն ամբողջովին տարբերվում է ռուսականից: Հիմա որ տեսնում են հայերեն և ռուսերեն տարբերակները, շատերն ասում են, որ ուզում են անգլերեն տարբերակով ձեռք բերեն: Բայց քանի որ այսօր մենք հայերեն տարբերակի դեպքում նման խնդիր առաջ ենք կանգնել, անգլերենի դեպքում էլ նույն խնդիրը կառաջանա»:
Այս խնդրի լուծման դեպքում նրանք նպատակ ունեն նաև անգլերեն տարբերակը հրատարակել:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ