Արթուր Աղաբեկյան. Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն
Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն այն համոզման է, որ զինադադարի ռեժիմը խախտվելու է դեռ տասնյակ տարիներ: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Պատերազմի վերսկսման մասին բարձրաձայնողներին, խնդրում եմ չահաբեկել Արցախում ապրող իմ հայրենակիցներին, մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր զինվորների ծնողներին և հարազատներին, և մեր ժողովրդին ընդհանրապես: Նախ 1991թ. սկսած պատերազմը դեռ չի ավարտվել, այսպես կոչված զինադադարի ռեժիմը խախտվել է անմիջապես զինադադարի կնքման օրվանից առ այսօր, և խախտվելու է դեռ տասնյակ տարիներ:
Փոխվելու են զենքերն ու նրանց տրամաչափերը, տեխնիկան ու տեխնոլոգիաները, եթե այն դիտրակում ենք որպես ռազմական գործողություն, ապա այն ժամանակ առ ժամանակ տեղի է ունենալու:
Լայնամասշտաբ ռազմական գործողություններ վերսկսելու պայմանները տեսանելի չեն:
Մենք՝ Արցախում ապրողներս, ընդմիշտ պետք է ազդակ հաղորդենք մեր ժողովրդին, որ սա մեր դառը և ծանր, բայց միևնույն ժամանակ պատվաբեր և պարտավորեցնող խաչն է: Իսկ եթե շատ եք ուզում, կարող եք անվանել նաև հարատև պայքար: Սա այն անխուսափելին է, որը կա այսօր և կլինի դեռ երկար ժամանակ:
հ.գ Լավ լուր եմ ուզում հաղորդել իմ հայրենակիցներին՝ մի խումբ երիտասարդներ նախաձեռնել են «ԻՄ ԱՅԳԻՆ» հիմնադրամը, և երեկ՝ կիրակի օրով, ծառատունկ են կազմակերպել Արաքսի հովտում: Օրերս Արցախ էր ժամանել ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը՝ Ստեփանակերտում մեծ ներդրում կատարելու ցանկությամբ»: