«Քաղաքացի դիտորդ»-ը նախատեսում է լինել տեղամասերի 75 տոկոսում
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար «Քաղաքացի-դիտորդ» նախաձեռնությունն ունի 3 հազարից ավելի դիտորդ: Նրանք կարող են դիտորդական առաքելություն իրականացնել 1600 տեղամասերում, որը կազմում է բոլոր տեղամասերի 75 տոկոսը, որտեղ քվեարկելու է ընտրողների մոտ 95 տոկոսը: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման թվեր հայտարարեց նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Հակոբյանը:
Նրա խոսքով, բոլոր դիտորդներին վերապատրաստել են՝ տալով տեսական ու պրակտիկ գիտելիքներ.
«Ունենալու ենք դիտորդներ նաև այլ պետություններից ինչպես հայեր, այնպես էլ այլազգիներ: Դիտորդների 10 տոկոսը լինելու է Սփյուռքից»։
Հակոբյանն ասաց, որ մի գործիք են փորձարկել 2015-ի հանրաքվեի ընթացքում, օրենսդրական փոփոխությունները թույլ կտան ավելի արդյունավետ աշխատել:
«Խոսքը «Վերահսկիր» գործիքի մասին է: Մենք կոչ ենք անում Հայաստանում կամ ՀՀ-ից դուրս գտնվող այն քաղաքացիներին, ովքեր չեն քվեարկելու, նախագրանցվել: Այդպիսով մեք կունենանք չքվեարկողների բազա»,-ասաց նա:
Հակոբյանը հիշեց, որ այս ընտրություններում առաջին անգամ հրապարակվելու են այն անձանց անունները, ովքեր մասնակցել են քվեարկությանը:
«Բազայի տվյալների ու ցուցակների համադրության արդյունքում մենք կարողանալու ենք պարզել, արդյոք այդ անձանց փոխարեն տեղի են ունեցել քվեարկություններ»,-ասաց նախաձեռնության անդամը, ավելացնելով, որ իրենց ձեռքին ունեցած տվյալների հիման վրա կարող են դիմել դատարան:
Նա հիշեցրեց, որ ուրիշի փոխարեն քվեարկելը քրեական հանցագործություն է, և նման գործիքի առկայության պարագայում, իրավախախտները կկրեն պատասխանատվություն:
«Սա հեռու չէ իրականությունից: Ովքեր հաստատ գիտեն, որ չեն կարող քվեարկել, կոչ եմ անում ակտիվ գրանցվել»,-ասաց նա:
Գործիքը տեղադրված է նախաձեռնության կայքէջում:
Լրահոս
Տեսանյութեր
Ոստիկանները Բագրատ Սրբազանին և ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս մուտք գործել Կիրանց