Մարտերի հետևանքով Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը մասամբ փլուզվել է
Եփրատ գետի վրա գտնվող Սիրիայի խոշոր «Տաբկա» ամբարտակը մասամբ փլուզվել է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զինված կոալիցիայի ջոկատների և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության միջև ընթացող մարտերի պատճառով։ Այս մասին հայտնում է լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Հիդրոէլեկտրակայանը կառուցվել է 1970-ականների սկզբներին՝ խորհրդային մասնագետների աջակցությամբ։
Հեռուստաալիքը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին, նշում է, որ էլեկտրակայանը դադարեցրել է աշխատանքը, երբ կառավարման համակարգը վնասվել է։ Ըստ աղբյուրի՝ պատճառը կարող է լինել հրետանային ռմբակոծությունը: Նշվում է նաև, որ տեխնիկական մասնագետները չեն կարողանում հասնել այնտեղ՝ շարունակվող ինտենսիվ մարտերի պատճառով։