Պատմությունն Արաքսի հյուսիսում Ադրբեջան անվամբ պետություն չի վկայում. Իրանի ԶՈւ պահեստազորի գեներալ
Պատմությունը Արաքսի հյուսիսում Ադրբեջան անվամբ պետություն չի վկայում,-իրանական «Արաննյուզ.իր» կայքի փոխանցմամբ՝ ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նախկին բարձրաստիճան զինվորական Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ Մանսուր Հաղիղաթփուրը, անդրադառնալով ԽՍՀՄ-ի լուծարումից հետո Իրանի կողմից Ադրբեջանի անկախության ճանաչման նպատակահարմարությանը, մասնավորապես նշել է. «Պատմությունն Արաքսից հյուսիս ընկած տարածքում Ադրբեջան անվամբ պետություն չի հիշատակում: Ազարբայջանը՝ (Ատրպատական) Արաքսից հարավ է, իսկ հյուսիսում եղել են Առանն ու Շիրվանի խանությունը»:
Շարունակելով խոսքը՝ Հաղիղաթփուրը հավելել է. «Իհարկե, Խորհրդային Միության ժամանակ այդ տարածքը հիշատակվում էր կեղծ անվամբ: Ես կարծում եմ, Իրանի հոգատար ու սիրալիր վերաբերմունքի շնորհիվ Թեհրանը չցանկացավ Հայաստանի հետ պատերազմական գործողությունների մեջ գտնվող նորանկախ հանրապետության անվան առնչությամբ հարց բարձրացնել»: