Հայոց ցեղասպանությունը պատմության դրվագ է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ. Հնդկաստանի փոխնախագահ
Հայոց ցեղասպանությունը պատմության դրվագ է, որով ոչ ոք չի կարող հպարտանալ։ Ինչը վատ է, վատ է և վատ էլ պետք է կոչվի։ Մարդկային արարածների կողմից այլ մարդկանց սպանությունը կարող է միայն մեկ զգացողություն առաջացնել։ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին։
Ուսանողներից մեկի հարցին՝ ինչ կփոխի իր այցը Հայաստան՝ Ցեղասպանության ճանաչման առումով, հնդիկ բարձրաստիճան պաշտոնյան պատասխանեց. «Այսօր առավոտյան կարդացել եմ այս հարցի առնչությամբ բրիտանացի լրագրող Ռոբերտ Ֆիսկի հոդվածը։ Նա հարց էր բարձրացրել, որին կոնկրետ երկրներ կդժվարանան պատասխան գտնել։ Ես չեմ թվարկի այդ երկրները, քանի որ դա մեզ այլ ուղղության վրա կդնի։ Անմեղ մարդկանց սպանության հարցի շուրջ երկու կարծիք լինել չի կարող՝ լինի դա այս տարածաշրջանում, Ասիայում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում։ Մենք պարտավոր ենք ստորագրել ընդհանուր արժեքների ներքո»։
ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպունից հետո՝ լրագրողների հետ զրույցում Հնդկաստանի փոխնախագահը տեղեկացրեց, որ Հայաստանի և Հնդկաստանի ղեկավարները քննարկում են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր։
Հարցին՝ հնարավոր է արդյոք Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացում՝ հաշվի առնելով Պակիստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմատեխնիկական խորը համագործակցությունը, Մոհամմադ Համիդ Անսարին պատասխանեց. «Դրանք հարցեր են, որ քննարկում են երկու երկրների ղեկավարները»։
Հարակից հրապարակումներ`
- Այստեղ մի սերունդ է հավաքվել, որն ուզում է և կարող է ինչ-որ բան փոխել. Հնդկաստանի փոխնախագահ
- Կարեն Կարապետյան. Առաջարկում ենք դիտարկել հնդկական ընկերությունների ներգրավվումը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում
- «Ահա սա է կյանքի ոգին». Հնդկաստանի փոխնախագահը՝ Ծիծեռնակաբերդում