Քաշմիրում զինյալները հարձակվել են հնդկական ռազմաբազայի վրա
Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգում գրոհային անջատողականները հարձակվել են ռազմաբազայի վրա։ Այս մասին հաղորդում է «Լենտա.ռու»-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ին՝ Պակիստանին սահմանակից Կուպվարա շրջանում։ Գրոհայինները ներթափանցել են հրետանային բազայի տարածք, որից հետո կրակ են բացել այնտեղ գտնվող զինծառայողների ուղղությամբ։ Փոխհրաձգությունը տևել է մոտ մեկ ժամ։ Զոհվել է հնդիկ մեկ սպա և երկու զինվոր։ Պատասխան կրակի հետևանքով ոչնչացվել է երկու հարձակվող։
Հնդիկ զինծառայողների խոսքով՝ հարաբերականորեն բարձր կորուստների պատճառն այն է, որ բազայում զինվորները համեմատաբար քիչ ժամանակ են հատկացրել հակաահաբեկչական նախապատրաստություններին, հիմնականում զբաղվել են հրետանային հրաձգությամբ։ Հարձակման պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։