ՏԻՄ-երն առավել ակտիվ դեր պետք է ստանձնեն տնտեսության զարգացման գործում. Փիթեր Քորսբին
Երևանում այսօր տրվեց ԵՄ կողմից ֆինանսավորվող «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» քառամյա ծրագրի մեկնարկը:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց ծրագրի ղեկավար Փիթեր Քորսբին, նախագծի բյուջեն կազմում է մոտ 5 միլիոն եվրո, սակայն ի լրումն նշված 5 միլիոնի՝ հասանելի է նաև 9.5 միլիոն, որը կոչվում է առաջարկությունների ներկայացման համար հատկացված բյուջե:
«Ծրագիրը նախատեսված է 6 երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի և Ադրբեջանի համար: Դրա հիմնական շահառուներն են լինելու տեղական ինքնակառավարման մարմինները: Հիմնական գաղափարախոսությունն այն է, որ ՏԻՄ-երն ավելի ակտիվ դերակատարություն ստանձնեն տեղական տնտեսական զարգացման գործում, որպեսզի երկրի տնտեսական զարգացման գործում միայն կենտրոնական կառավարությունները ներգրավված չլինեն»,- ասաց նա:
Փիթեր Քորսբին նկատեց, որ ԵՄ երկրներում տեղական ինքնակառավարման մարմինները չափազանց կարևոր դերակատարություն ունեն համայնքների զարգացման գործում, ավելին, եթե որևէ համայնքապետի գիշերը արթնացնես և հարցնես՝ որն է նրա հիմնական նպատակը, վերջինս կպատասխանի՝ իր համայնքի տնտեսական զարգացումը:
«Ծրագիրը հնարավորություն է, որից բոլոր վերոնշյալ երկրները կարող են օգտվել կամ չօգտվել, սակայն մենք աշխատելու ենք բոլոր 6-ի ակտիվ մարմինների հետ: Վստահ ենք, որ Հայաստանը բավական ակտիվ մասնակցություն է ունենալու»,- նշեց Փիթեր Քորսբին:
Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն իր հերթին նկատեց, որ այս ծրագիրը մեծապես կարևորվում է՝ մանավանդ տնտեսական ճգնաժամի պայմաններում: Նա հույս հայտնեց՝ «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» ծրագիրը համայնքների պատասխանտուներին հնարավորություն կտա մտածելու համագործակցության նոր եզրեր, որոնք կարող են բերել տնտեսական վիճակի բարելավման:
«Վստահ եմ, որ ի թիվս ԵՄ մյուս ծրագրերի՝ այս մեկը ևս բավական լավ հնարավորություն կլինի համայնքների համար, և խնդիրները լուծելու համար կունենանք լրացուցիչ ռեսուրսներ»,- ամփոփեց փոխնախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան