ԵԱՀԿ-ն ափսոսանք է հայտնում կազմակերպության երևանյան գրասենյակի փակման կապակցությամբ
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը և Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն համատեղ հայտարարություն են տարածել, որում ափսոսանք են հայտնում կազմակերպության երևանյան գրասենյակի գործունեության ժամկետը չերկարացնելու առնչությամբ։
ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում զետեղված հայտարարության համաձայն, Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակն իր առաքելությունը կդադարեցնի առաջիկա ամիսներին։
«Ափսոսանք եմ հայտնում, որ ի հեճուկս երկարատև ու ծավալուն ջանքերի, ԵԱՀԿ Մշտական խորհուրդը չկարողացավ կոնսենսուսի հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության շարունակման հարցում»,- հայտարարել է վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը, հավելելով թե Խորհրդարանական վեհաժողովը բազմիցս է հանդես եկել ԵԱՀԿ դաշտային առաքելություների ակտիվ գործունեության օգտին։
Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն, իր հերթին, նշել է, թե ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը կշարունակի ակտիվ ներգրավվածություն ունենալ Հարավային Կովկասում. «Անցած տարիներին Վրաստանում և Ադրբեջանում ԵԱՀԿ առաքելությունների փակվելուց հետո, Երևանի գրասենյակն ուներ թե խորհրդանշական, թե գործնական մեծ նշանակություն, որը չէր կարելի թերագնահատել»։
Հիշեցնենք, նախօրեին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումները:
«Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: ԵԱՀԿ նախագահությունը, մասնակից երկրները, քարտուղարությունը` բոլորը սատարում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեությունը, և միայն Ադրբեջանն է, որ չարաշահելով կազմակերպության կոնսենսուսի սկզբունքը, որի համաձայն նույնիսկ մեկ երկիր կարող է խափանել որոշումների ընդունումը, դեմ է հանդես գալիս ԵԱՀԿ երևանյան գրասենյակի գործունեության շարունակմանը, դրանով իսկ հակադրվելով ամբողջ կազմակերպությանը», - ասել էր Բալայանը։