«Նույնիսկ կարճաժամկետ ռուս-թուրքական մերձեցումները մեզ համար վտանգավոր են». քննարկում
«Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժությունները պարբերաբար անց են կացվում, այստեղ նորություն չեմ տեսնում։ Համաձայն եմ, մեզ համար վտանգներ կան, միշտ պետք է ուշադիր լինել, բայց հայ ժողովրդի համար ամենավտանգավորը ռուս-թուրքական մերձեցումն է»,- այսօր Մեդիա կենտրոնում «Ադրբեջան-Թուրքիա համատեղ զորավարժություններն ու դրանց ազդեցությունը տարածաշրջանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ճիշտ է, ռուս-թուրքական մերձեցումները երկարատև չեն լինում, բայց նույնիսկ կարճաժամկետը մեզ համար վտանգավոր է, իսկ ադրբեջանա-թուրքականը մեզ համար հասկանալի է, նրանց գործությունեությունը միշտ էլ մեր դեմ է ուղղված։
Ինչ վերաբերում է օրերս կայացած Էրդողան-Պուտին հանդիպանը՝ Ստեփան Գրիգորյանն ասաց. «Ռուսաստանի քաղաքականությունը հիմնվում է շահերի վրա, Ռուսաստանը հիմնվում է ոչ թե ռազմավարական, այլև տակտիկական շահերից։ Պուտին-Էրդողան հանդիպումը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Մոսկվա ու հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ ավելի վտանգավոր են, քան թուրք-ադրբեջանական զորավարժությունները»:
Քննարկմանը ներկա «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար Արա Պապյանի կարծիքով՝ ցավալին մեզ համար այն է, որ Ադրբեջանն ունի հստակ ռազմավարական դաշնակից և իրականացնում է որոշակի գործողություններ նրա հետ. «Մենք էլ ունենք դաշնակից, բայց երբ նայում են նրա վարքին, հասկանալի չէ՝ դա մեր դաշնակիցն է, թե մեր թշնամին»։
«Թուրք-ադրբեջանական այս զորավարժություններն ուղղված են Ադրբեջանում արդյունավետ, գործուն բանակ ստեղծելուն: Թուրքիայից թեկուզ փոքր զորամիավորումներ ներգրավելով` փորձ է արվում դա ստեղծել: Հասկանալի է, որ Թուրքիայի կողմից նպատակ չկա ուղղակիորեն ներգրավվել հայ-ադրբեջանական հակամարտությանը»,- հավելեց Արա Պապյանը:
Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժություններն անցկացվում են մայիսի 1-5-ը՝ Ադրբեջանում։
Հարակից հրապարակումներ`
- Թուրք-ադրբեջանական զորավարժությունների օրակարգից դուրս դժվար թե ինչ-որ բան տեղի կունենա. քաղաքագետ
- ԼՂՀ զինված ուժերը ուշի ուշով հետևում են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին
- Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ են սկսել