Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ընդունելություն՝ Գերմանիայում ՀՀ դեսպանությունում
Գերմանիայում ՀՀ դեսպանի և ԼՂՀ մշտական ներկայացուցչի անունից մայիսի 13-ին Գերմանիայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:
ՀՀ ԱԳՆ մամուլ, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, ներկաներին ողջույնի խոսքով դիմել է Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով կարևորել է Շուշիի ազատագրման պատմական նշանակությունը, անդրադարձել Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդմանն ու Գերմանիայի հայ համայնքի ակտիվ գործունեությանը՝ հայապահպանության, Հայաստանի և Արցախի զարգացման և հզորացման գործում:
Ելույթով հանդես են եկել նաև ԳԴՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը, ով հակիրճ ներկայացրեց Շուշիի պատմությունը, Արցախի մշակութային մայրաքաղաքի ազատագրման կարևորությունը:
Հայ համայնքի երկու ներկայացուցիչ` Ա. Բալայանը և Մ. Օգանեսյանը, պարգևատրվել են ՀՀ սփյուռքի նախարարի պատվոգրերով: