«Լուսավոր սահման» նախաձեռնության շնորհիվ սահմանապահ մովսեսցիներն ավելի քիչ էլեկտրաէներգիա կսպառեն
«Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնության կամավորները Մովսես սահմանապահ համայնքում տնետուն այցելելով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել են 5-ական լամպ նաև դրանք փոխել տեղում:
Նախաձեռնության հաղորդմամբ, կամավորական թիմին էր միացել նաև ամերիկահայ մեր հայրենակիցը, ով մեծ ոգևորվածությամբ հին լամպերը փոխարինում էր լուսադիոդայիններով: Սահմանապահ մովսեսցիները մեծ ուրախությամբ են դիմավորել թիմին և, ստանալով լուսադիոդային էներգախնայող լամպերը, վստահությամբ նշել, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին:
«Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի և Արցախի տասներկու գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 448 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 13735 լուսադիոդային (LED) լամպ և բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչև 4000 դրամ:
Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները: