Հայերի գերադասած տուրիստական ուղղություններն այս տարի Հունաստանն ու Եգիպտոսն են. հարցում
Ամառային հանգստի սեզոնը մեկնարկել է, և յուրաքանչյուր անձ փորձում է ամառային արձակուրդները կազմակերպելու ամենաօպտիմալ տարբերակը գտնել: Մատչելիի և որակյալի փնտրտուքները մարդկանց հաճախ տանում են տուրիստական գործակալություններ` հույսով, որ հմուտ տուր-օպերատորներն այնտեղ հանգստի լավագույն ուղղությունները կառաջարկեն:
Պարզելու համար, թե որ երկրներում են գերադասում հանգստի մեկնել մեր հայրենակիցները, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց մի քանի տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների հետ։
Առաջինը, որ շեշտեցին տուր մենեջերներն, այն է, որ նախորդ տարիների համեմատ, սոցիալական վիճակի վատթարացմամբ պայմանավորված, արտերկիր մեկնելու հնարավորություն ունեցողների թիվը զգալի նվազել է։
«Գլոբուս տուրս» տուրիստական գործակալությունից մեզ տեղեկացրեցին, որ իրենց դիմող քաղաքացիներն ամառային արձակուրդները հիմնականում ցանկանում են անցկացնել Հունաստանում։
«Պատճառն այն է, որ այս ուղղությունը համեմատաբար մատչելի է։ 2 հոգու համար 7-օրյա հանգիստը սկսվում է 1200 եվրոյից, 9-օրյա փաթեթը՝ 1500 եվրոյից։ Մատչելի է նաև թուրքական լողափերում հանգիստը, սակայն վերջին տարիներին պահանջարկված չէ։ Մենք ինքներս այդ ուղղությունը սկզբունքորեն չենք առաջարկում»,- ասացի տուրիստական գործակալությունից՝ հավելելով, որ հանգստացողները ծովափնյա երկրներ գերադասում են մեկնել ընտանիքներով։
«Ջոյ տուր» տուրիստական գործակալությունից էլ հայտնեցին, որ իրենց մոտ ևս գերակշռում է դեպի Հունաստան՝ Կրետե և Հռոդոս կղզիներ մեկնողների թիվը։
«Հատկապես հունիս-հուլիս ամիսներին շատ են նախընտրում նաև Եգիպտոսի ուղղությունը։ Ինչ վերաբերում է գնային քաղաքականությանը, ապա Հունաստանի դեպքում 1 հոգու 7-օրյա հանգիստը կարելի է կազմակերպել՝ սկսած 600-700 եվրոյից։ Այս դեպքում փաթեթը կներառի նաև 2-անգամյա սնունդ։ Եգիպտոսում՝ ավելի հստակ Հուրգադայում, 2 անձի համար 5 աստղանի հյուրանոցում հանգիստը հնարավոր է կազմակերպել անգամ 700 դոլարով։ Այս դեպքում փաթեթում ներառված են բոլոր ծառայությունները։ Մայիս ամսին 2 անձը 5 աստղանի հյուրանոցում կարող էին 8-օրյա հանգիստը վայելել մինչև իսկ 600 դոլարով»,- հայտնեցին «Ջոյ տուրից»։
Տուրիստական գործակալությունից հայտնեցին նաև, որ իրենց հաճախորդներին դեպի Թուրքիա փաթեթներ չեն առաջարկում, ուշադրություն են հրավիրում այլընտրանքային ուղղությունների վրա։
«Ռիմա թրավլ» տուրիստական գործակալությունից էլ ասացին, որ իրենց առավել շատ դիմում են դեպի Եգիպտոս մեկնելու համար՝ պայմանավորված մատչելիությամբ։ Թեժ ակցիաների ժամանակ հնարավոր է լինում ձեռք բերել ընդհուպ 250 դոլարին համարժեք դրամով փաթեթներ՝ 1 անձի համար։ Պահանջարկված են նաև դեպի Իսպանիա տուրերը։
«Հարցումներ ունենում ենք նաև Երուսաղեմի ուղղությամբ։ Դրան հակառակ՝ կտրականապես հրաժարվում են Թուրքիա մեկնելուց»,- ասացին գործակալությունից։
Հ.Գ. Իսկ հայաստանյան առողջարանային քաղաքներում հանգիստն առաջվա նման քչերին է հասանելի։ Տուրիստական գործակալություններում նշեցին, որ մարդիկ գերադասում են զգալի քիչ գումար ծախսելով մեկնել երկրից դուրս, քան թե աստղաբաշխական թվերով հանգստանալ Ծաղկաձորում կամ Ջերմուկում։