«Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը». Աշոտյան
Համագործակցությունն առաջիկայում կլինի առավել սերտ և նպատակային,- այս մասին նշել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ այսօր ԱԺ-ում ընդունելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությանը՝ կողմերը կարևորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը: Ընդգծվել են նաև Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները՝ ուղղված խորհրդարանի կարողությունների կատարելագործմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև անդրադարձել են եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բրեքսիթի գործընթացին և նշել, որ ցանկացած պարագայում Հայաստանը Մեծ Բրիտանիան դիտարկում է որպես եվրոպական արժեհամակարգի կրող երկիր և պատրաստ է հետագա երկկողմ ակտիվ համագործակցության: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը: Կարևորվել է Բրյուսելի գագաթաժողովում Համապարփակ և ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը: Աշոտյանը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության վերաբերմունքը կապված Շոտլանդիայի հանրաքվեի հետ և հույս հայտնել, որ ինքնորոշման իրավունքի լայն կիրառելիության միտումը վաղ թե ուշ ընկալելի կդառնա նաև Ադրբեջանի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները