Բաբլոյանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդմանը
Քառորդ դարի ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով և համալրվել նոր բովանդակությամբ, -այս մասին նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ այսօր ընդունելով Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին:
ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ Ճապոնիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում և մեր երկրում առանձնահատուկ հետաքրքրություն կա Ճապոնիայի պատմության և մշակույթի հանդեպ:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ խորհրդարանի ղեկավարը կարևորել է միջխորհրդարանական կապերի, հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի ակտիվ համագործակցության դերը հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների օրակարգում:
ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը:
Արա Բաբլոյանը հույս է հայտնել, որ Ճապոնիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ կշարունակի դրսևորել իր որդեգրած հավասարակշիռ դիրքորոշումը:
Դեսպան Էյջի Տագուչին կարևորել է մեր երկրում սահմանադրական բարեփոխումները, անցումը խորհրդարանական կառավարման համակարգին՝ նշելով, որ դրանով Հայաստանը ևս մեկ քայլով մոտենում է Ճապոնիային:
Հանդիպման ավարտին զրուցակիցները նշել են, որ Ազգային ժողովի այգում աճող սակուրաները խորհրդանշում են հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը, որը տարեցտարի խորանում է՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը